Ուկրաինայի ժամանակավոր իշխանությունները ցրել են ոստիկանության հատուկ «Բերկուտ» ստորաբաժանումը

«Բերկուտ» ոստիկանության ստորաբաժանումը ցրելու մասին հրամանագիրը ստորագրվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի կողմից
Ուկրաինայի ժամանակավոր իշխանությունները ցրել են երկրում վերջերս տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացրած ոստիկանության հատուկ «Բերկուտ» ստորաբաժանումը:

Երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը «Ֆեյսբուք»-ում չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, ինքը ստորագրել է «Բերկուտ» ոստիկանության ստորաբաժանումը ցրելու մասին հրամանագիր: Այս ստորաբաժանումը մեղադրում են Կիևում հակակառավարական ցուցարարների սպանությունների իրականացման և դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագետներն այս ընթացքում հերքել են հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինան կարող է բաժանվել Արևմուտքին և Ռուսաստանին հարող մասերի:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրի հետ նախօրեին անցկացված հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հնարավոր կդառնա ձևավորել «համապարփակ կառավարություն»:

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան կարողանա սերտորեն համագործակցել Եվրոպայի պետությունների և Եվրոպական Միության հետ՝ բարենպաստ տնտեսական համագործակցության ձևավորման առումով, և, իհարկե, կարողանա համագործակցել Ռուսաստանի հետ՝ բազմաթիվ խնդիրների շուրջ: Արտգործնախարար Քերրին և ես վերջին մի քանի օրվա ընթացքում զրուցել ենք արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և կշարունակենք պահպանել կապերը Ռուսաստանի հետ», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Ռուսատանի իշխանությունները նախօրեին պնդել էին, որ չեն միջամտելու Ուկրաինայի քաղաքականությանը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ուկրաինային Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարել ստիպելը «վտանգավոր է և ոչ արդյունավետ»: