Ուկրաինայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Մարիուպոլ քաղաքի նկատմամբ

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում չորեքշաբթի օրը շարունակվել են մարտերը, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն իրականցրել են ռուսաստանամետ զինյալների դիրքերի գրոհը
Ուկրաինայի անվտանգության ուժերը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերվա ընթացքում վերահսկողություն էին հաստատել Մարիուպոլ քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր ռուսաստանամետ անջատողականների վերահսկողության ներքո:

Ուկրաինայի լրատվամիջոցների համաձայն, Ուկրաինայի ազգային գվարդիան վերահսկողություն է հաստատել Դոնեցկի մարզի ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Մարիուպոլ քաղաքի վարչական կենտրոնի նկատմամբ:

Ականատեսների հաղորդագրությունների համաձայն սակայն Ուկրաինայի զինծառայողները ավելի ուշ հեռացել էին քաղաքի վարչական կենտրոնից, ինչից հետո ռուսաստանամետ զինյալները սկսել էին վերականգնել իրենց բարիկադները: Սա արդեն երկրորդ անգամն է, ինչ քաղաքը հայտնվում է Կիևի վերահսկողության ներքո. առաջին անգամ Ուկրաինայի զինված ուժերը Մարիուպոլը գրավել էին ապրիլի 24-ին, սակայն քաղաքի նկատմամբ նրանց վերահսկողությունն ընդամենը մեկ օր էր տևել:

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում չորեքշաբթի օրը շարունակվել են մարտերը, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն իրականցրել են ռուսաստանամետ զինյալների դիրքերի գրոհը:

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության» անջատողականները խոստացել են կիրակի օրը՝ մայիսի 11-ին, անցկացնել հանրաքվե՝ տարածաշրջանի Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու հարցով: Ղրիմում այս տարվա մարտ ամսին անցկացված նման հանրաքվեի հետևանքով թերակղզին բռնակցվել էր Ռուսաստանի կողմից:

Ուկրաինայի կենտրոնական բանկն այս ընթացքում տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է 3 միլիարդ դոլար ծավալով գումար: Այս միջոցներն առաջին մասն են 17 միլիարդ դոլար ծավալով օգնության փաթեթի, որը ԱՄՀ-ը խոստացել է տրամադրել Ուկրաինային՝ երկրի դժվարին կացության մեջ գտնվող տնտեսությունը սատարելու նպատակով: