Բողոքի ցույցեր Թուրքիայում՝ համընդհանուր գործադուլին ընդառաջ

Թուրքիայի արհմիությունները երկուշաբթի օրը նախատեսում են անցկացնել համընդհանուր գործադուլ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարները շարունակել են ցույցերը երկրում երկուշաբթի օրը հայտարարված համընդհանուր գործադուլին ընդառաջ: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտում Ստամբուլի Գեզի զբոսայգուց ուժի միջոցով ցուցարարների վտարման կապակցությամբ:

Անկարայում ոստիկանության հատուկ ուժերն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել՝ փորձելով ցրել կիրակի ուշ երեկոյան ցույցի դուրս եկած հազարավոր ցուցարարներին: Որոշ ցուցարարներ լազերային սարքեր են կիրառել ջրցանների ղեկին նստած ոստիկանության ծառայողների ուղղությամբ՝ փորձելով դադարեցնել ջրցանների օգտագործումը:

Թուրքիայի արհմիությունները երկուշաբթի օրը նախատեսում են անցկացնել համընդհանուր գործադուլ, սակայն դեռևս պարզ չէ, թե որքանով է գործադուլն ազդելու երկրի առօրյա կյանքի վրա:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կիրակի օրը հանդես գալով իր հարյուր հազարավոր աջակիցների առջև ասել էր, թե Ստամբուլի այգուց ակտիվիստներին ուժի միջոցով հեռացնելն «իր պարտքն էր»:

Էրդողանը, որի համոզմամբ ցույցերի մասնակիցները կառավարվում են «ահաբեկիչների» կողմից, հերքել է ընդդիմության այն մեղադրանքները, որոնց համաձայն իր վարքը նմանվում է բռնապետի վարքի:

Ստամբուլի ոստիկանությունն Էրդողանի ելույթի ընթացքում արցունքաբեր գազ էր կիրառել՝ փորձելով դադարեցնել ցուցարարների վերադարձը քաղաքի հիմնական Թաքսիմ հրապարակ, որը եղել է Էրդողանի կառավարության դեմ ուղղված ցույցերի կիզակետը: