Իրաքի նախկին վարչապետ. «Իրանը չպետք է միջամտի Իրաքի քաղաքականությանը»

Իրաքի նախկին վարչապետ Այադ Ալավի

Իրաքի նախկին վարչապետ Այադ Ալավին կոչ է արել Մերձավոր Արևելքի պետությունների ղեկավարներին դիմել Իրանին և պահանջել, որ այն չմիջամտի Իրաքի քաղաքականությանը:

Այս հայտարարությունը Ալավին արել է Սիրիայում` այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումից հետո: Ալավիի խոսքերով, նա դիմել է Իրանի դաշնակիցներին, այդ թվում` Սիրիային իր ուղերձն Իրանին փոխանցելու խնդրանքով:

Այադ Ալավիի «Իրաքիա» քաղաքական դաշինքը փորձում է ձեռք բերել բավական աջակցություն` Իրաքի հաջորդ կառավարությունը ձևավորելու և մարտ ամսին տեղի ունեցած ընտրություններից հետո շարունակվող քաղաքական փակուղին հաղթահարելու համար:

Նա բացառել է իր կուսակցության մասնակցությունը ներկայիս վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կողմից ղեկավարվող կոալիցիոն կառավարությանը: