Հալեպի համալսարանը հետ է կանչել Էրդողանի գիտությունների պատվավոր դոկտորի կոչումը

«Պատվավոր դոկտորի կոչման հետկանչն միասնության ուղերձ է հղում Էրդողանի բռնի քաղաքականության դեմ հանդես եկող Թուրքիայի ժողովրդի հետ». Հալեպի համալսարանի ռեկտոր
Հալեպի համալսարանի խորհուրդը հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2009 թվականին շնորհած միջազգային հարաբերությունների գիտությունների պատվավոր դոկտորի կոչումը հետ կանչելու մասին հայտարարությամբ:

Համալսարանի ռեկտոր, դոկտոր Խոդր ալ-Օրֆալին ուսումնական բարձրագույն այս հաստատության խորհրդի նիստի ընթացքում ասել է , թե այս քայլին համալսարանը դիմել է՝ «արձագանքելով Սիրիայի համալսարանների խորհուրդների և դասախոսական կազմի, Սիրիայում և երկրի տարածքից դուրս գտնվող ուսանողների և հասարակական շրջանակների կողմից հնչեցվող պահանջներին»:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ալ-Օրֆալին ասել է, թե «պատվավոր դոկտորի կոչման հետկանչն միասնության ուղերձ է հղում Էրդողանի բռնի քաղաքականության դեմ հանդես եկող Թուրքիայի ժողովրդի հետ»:

Թուրքիայում այժմ գտնվում է Սիրիայից մոտ 500 հազար փախստական: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2011 թվականի մարտ ամսից նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից երկրում չդադարող բռնությունների զոհ արդեն գնացել է մոտ 100 հազար մարդ: