Աշխարհի տերությունները փորձում են խուսափել Իրանի հետ բանակցությունների ձախողումից

Աշխարհի վեց տերությունները մեկնարկել են բանակցություններն Իրանի հետ, որոնց ընթացքում կողմերը փորձելու են լուծում տալ Իրանի միջուկային ծրագիր շուրջ մտահոգություններին և խուսափել դիվանագիտական ջանքերի տապալումից, ինչը կարող է բարձրացնել հակամարտության վտանգը:

Վեց պետություններից կազմված խումբը ներկայացնող Եվրոպական Միության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը Մոսկվայում մեկնարկել է երկօրյա բանակցությունները:

Բանակցություններին ներկա Իրանի պատվիրակությունը հայտնել է «IRNA» պետական լրատվական գործակալությանը, որ այս բանակցությունները կարող են ձախողվել, եթե աշխարհի տերությունները չճանաչեն ուրանի հարստացման աշխատանքներն իրականացնելու Թեհրանի իրավունքը:

Իրանական կողմի համաձայն, հարստացման աշխատանքները տարվում են՝ ելնելով զուտ խաղաղ նպատակներից, ներառյալ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բժշկական հետազոտությունները: Իսրայելն ու Արևմտյան պետությունները սակայն մեղադրում են վերջինիս քաղաքացիական էներգետիկական ծրագիր քողի ներքո միջուկային զենքի մշակմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու մեջ:

Իրանի պատվիրակության անդամներն ասել են, որ չեն վախենում Մոսկվայի բանակցությունների ձախողումից և իրենց համաձայնությունը չեն տա հետագա բանակցությունների անցկացմանն այն դեպքում, եթե վեց պետություններից կազմված խումբը չհամաձայնի Բաղդադում Իրանի կողմից ներկայացված՝ հինգ կետից բաղկացած առաջարկին: