Կաթվածների պատճառով տարեց մեծահասակները կորցնում են հիշողությունը

Զանգվածային կաթվածը, երբ ուղեղի մեջ արյան անոթը պայթում է, կարող է կաթվածահար անել կամ մահվան պատճառ դառնալ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2008 թվականին առնվազն վեց միլիոն մարդ մահացել է միայն կաթվածից: Սակայն շատեր չեն գիտակցում, որ թեթև կաթված են անցկացրել, ախտանիշների բացակայության հետևանքով։ Նոր ուսումնասիրությունը վկայում է, որ այսպես կոչված «լուռ» կաթվածն ավելի շատ մարդկանց վրա է ազդում, քան նախկինում կարծում էին, և տարեցների շրջանում չորսից մեկի մոտ հիշողության կորստի պատճառ է դառնում:

Կաթվածով հիվանդները հաջողակ են լինում, եթե ժամանակին հասնում են շտապ օգնության բաժանմունք և ստանում ճիշտ բուժում։

Սակայն գիտնականները պարզել են, որ «լուռ»՝ առանց ակնհայտ ախտանիշերի կաթվածը հաճախ արագ չի ախտորոշվում կամ բուժվում: Հիվանդը շարունակում է իր առօրյան՝ չիմանալով ուղեղի ներսում պատահածի մասին: Վնասը հայտնաբերվում է, երբ հիվանդն անցնում է հատուկ մագնիսական ռեզոնանսային հետազոտություն:

Երկու կաթված ունեցած հիվանդի հետազոտության մեջ սլաքները ցույց են տալիս հեղուկով լցված մուգ ծակերը: Կոլումբիայի համալսարանի Բժշկության դպրոցից նյարդահոգեբան Ադամ Բրիքմընն ասում է, որ մուգ կետերը նախկին առողջ բջիջներն են, որոնք մահացել են դեպի ուղեղ հոսող արյան խցանման հետևանքով:

Հիշողությունը վերահսկող ուղեղի մյուս հատվածի կարմիր շրջանը՝ հիպոկամպը, ևս կարող է տուժել կաթվածից:

Ըստ բժիշկ Բրիքմընի, երբ տարիքի հետ հիշողության փոփոխություն է նկատվում, սովորաբար վերագրվում է հիպոկամպում գործառույթային կամ կառուցվածքային փոփոխության:

Մասնագետները պարզել են, որ լուռ կաթվածի դեպքում ուղեղում կաթվածի առկայությունը նույնպես կապված է հիշողության հետ:

Բրիքմընն իր աշխատակիցների հետ ուսումնասիրել է 65-ն անց 650 կանանց և տղամարդկանց, ովքեր դեմենցիայի՝ հիշողության խիստ կորստի նշաններ չեն ունեցել: Նրանք ենթարկվել են ուղեղի մագնիսական ռեզոնանսային հետազոտության, ստուգելով տեղեկատվությունն ըմբռնելու կարողությունը: Նախորդ հետազոտությունները հայտնաբերել էին, որ գոյություն ունի կապ կաթվածի, հիպոկամպի չափերի փոփոխության և ճանաչողական գործառույթի միջև, սակայն Բրիքմընի հետազոտությունը հաստատում է լուռ կաթվածի և հիշողության թուլացման միջև ուժեղ կապը:

Բրիքմընի համաձայն, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք երկուսն էլ անկախ ձևով կապված են հիշողության հետ, ինչը նոր դիտարկում է:

Մագնիսական ռեզոնանսային հետազոտությունը լուռ կաթված է հայտնաբերել հիշողության քննության վատ արդյունք ցույց տված հիվանդների մեկ քառորդի մոտ Հետազոտողները հուսով են խմբին հետևել հաջորդ տարի ևս՝ ուսումնասիրելու դեմենցիայի լրջագույն տեսակի՝ Ալցհայմերի հիվանդության նշանները: