Երեք ամերիկահայ բարձր պաշտոններ են ստացել Կալիֆորնիայում

Երեք ամերիկահայ բարձր պաշտոններ են ստացել Կալիֆորնիայում

Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնաթողությունից անմիջապես առաջ նահանգի տարբեր պաշտոններում է նշանակել երեք ամերիկահայի:

Այս մասին հաղորդագրությունը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը ստացել է Շվարցենեգերի Լոս Անջելեսի գրասենյակից:

Հաղորդագրության համաձայն, Ֆրեզնոյում բնակվող 30-ամյա Լինդսի Պարսամյանը նշանակվել է Ամառային և միջքարորդային արձակուրդների ընթացքում զարգացման ծրագրերի աշխատանքային խմբի անդամ: Պարսամյանը 2007 թվականից աշխատել է որպես Ֆրեզնոյում Շվարցենեգերի տարածքային գրասենյակի տնօրեն:

Նորթ Հիլում բնակվող 47-ամյա Լիսա Գալուստյանը նշանակվել է Սիերա Նեվադայի բնապահպանական ծառայության պաշտոններից մեկում: Գալուստյանը նախկինում աշխատել է որպես Լոս Անջելեսում Շվարցեների գրասենյակի տնօրեն:

Լոս Անջելեսում բնակվող 43-ամյա Հրազդան Զեյթլյանը կրկին նշանակվել է Կալիֆորնիայի ճարտարապետական խորհրդի անդամ, որին նա անդամակցում է 2008 թվականից: 2009 թվականից նա աշխատում է նաև որպես «DLR Group»-ին մաս կազմող «WWCOT» ընկերության Սանտա Մոնիկայի գրասենյակի փոխնախագահ և դիզայնի գծով տնօրեն: