Հունաստանում կկայանա նոր վարչապետի երդմնակալությունը

Հունաստանի պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարաս

Հունաստանի պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը շուտով երդում կտա և կնշանակվի երկրի վարչապետի պաշտոնում:

Քաղաքական երեք՝ «Նոր ժողովրդավարություն», «Ժողովրդավարական ձախակողմյան» և «ՊԱՍՈԿ» կուսակցությունները չորեքշաբթի օրը հայտնել են, որ երկուսուկես օր տևած բանակցություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու մասին համաձայնության են եկել:

Հունաստանում կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում «Նոր Ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսը, ինչը թույլ է տվել կուսակցությանը զբաղեցնել Հունաստանի խորհրդարանի 300 տեղերից 129-ը, ներառյալ ձայների մեծամասնությունը ստացած կուսակցությանը տրվող լրացուցիչ 50 տեղերը:

Ձախակողմյան ծայրահեղ «Սիրիզա» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով երկրորդն է: Այս կուսակցությունը նվաճել է խորհրդարանական 71 տեղ:

Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման կողմ հանդես եկող մեկ այլ՝ «ՊԱՍՈԿ» սոցիալիստական կուսակցությունը ստացել է խորհրդարանական 33 տեղ:

«Նոր Ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Սամարասը Հունաստանում անցկացված ընտրությունների արդյունքները «ամբողջ Եվրոպայի հաղթանակ» է անվանել:

Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի համատեղ հայտարարության համաձայն, Եվրոպական Միությունը պատրաստ է աշխատելու Հունաստանի նոր կառավարության հետ և աջակցելու Հունաստանի տնտեսությունը «կայուն ուղու վրա դնելու ջանքերին»: