Մեդվեդևն ու Պուտինը խոստացել են վրեժխնդիր լինել օդանավակայանում կատարված հարձակման համար

Մեդվեդևն ու Պուտինը խոստացել են վրեժխնդիր լինել օդանավակայանում կատարված հարձակման համար

Ռուսաստանի ղեկավարությունը խոստացել է վրեժխնդիր լինել 35 զոհի և ավելի քան 110 մարդու վնասվածքների պատճառ դարձած ահաբեկչական հարձակման համար, որը երկուշաբթի օրն իրականացվել է Մոսկվայի խոշորագույն օդանավակայանում:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «պետք է վերացնել» հարձակման համար պատասխանատու անձանց:

Երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի համաձայն, «հատուցումն անխուսափելի է»:

Մեդվեդևն իր ելույթում խիստ քննադատության է ենթարկել ահաբեկչական այս հարձակումը հնարավոր դարձրած թերացումները` որպես «անտերության մատնված» նկարագրելով օդանավակայանի անվտանգությունը:

Ռուսաստանի նախագահի հրամանի համաձայն, երկրի բոլոր օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:

Պայթյունի հետաքննությունն իրականացնող մարմինների համաձայն, պայթյունը համարժեք է եղել 5 կիլոգրամ տրոտիլի: Պայթուցիկ նյութը պարունակել է մետաղական բազմաթիվ մանր իրեր` առավելագույն թվով զոհեր պատճառելու համար:

Հարձակման համար որևէ խմբավորում դեռևս պատասխանատվությունը չի ստանձնել: