Միթ Ռոմնին կարևոր հաղթանակ է տարել Միչիգան և Արիզոնա նահանգներում

Միթ Ռոմնին կարևոր հաղթանակ է տարել Միչիգան և Արիզոնա նահանգներում

Մասաչութեսթի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին երեքշաբթի օրը հաղթանակ է տարել Միչիգան և Արիզոնա նահանգներում անցկացված հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում՝ հետ մղելով Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիք Սանտորումի կողմից գրանցված առաջընթացը:

Այս հաղթանակը թույլ է տվել Մասաչութեսթի նախկին նահանգապետին վերականգնել իր՝ որպես հանրապետական կուսակցության նախընտրական պայքարի առաջատարի դիրքերը:

«Շնորհակալությու՛ն, Արիզոնա: Մեծ հաղթանակ է տարվել այսօր Արիզոնայում, և շնորհակալությու՛ն, Միչիգան: Այսօր տարված հաղթանակը շատ մեծ հաղթանակ է», - ասել է Ռոմնին հաղթական իր խոսքում:

Հաղթական իր խոսքում Միթ Ռոմնին հիշատակել է նաև նախագահ Օբամային՝ մեղադրելով վերջինիս ժողովրդի պահանջներին չարձագանքելու մեջ:

Միչիգանը Միթ Ռոմնիի հարազատ նահանգն է, որտեղ 1960-ական թվականներին իր հայր Ջորջ Ռոմնին զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը: Այս նահանգում պարտությունը կարող էր ուժգին հարված հասցնել Ռոմնիի նախընտրական պայքարին:

Դեռևս երկու շաբաթ առաջ Միչիգանում անցկացված հարցումների արդյունքներով Ռոմնիի դիրքերը բավականին թույլ էին, սակայն նահանգում Ռիք Սանտորումի կողմից զբաղեցված դիրքը հնարավոր եղավ թուլացնել՝ անցկացված բացասական հեռուստագովազդի արշավի և անցյալ շաբաթ կայացած բանավեճի ընթացքում դրական արդյունքներ գրանցելու միջոցով:

Ռիք Սանտորումը, չնայած Միչիգան նահանգում տարած պարտության, հույս է պահպանում, որ այս նահանգում տարված սուր մրցապայքարը դրական արդյունքների կբերի հաջորդ երեքշաբթի՝ մարտի 6-ին տասը նահանգում կայանալիք նախնական ընտրությունների ժամանակ: Այս օրն անվանում է նաև «Սուպեր երեքշաբթի»:

Սանտորումը հայտնել է իր կողմնակիցներին պահպանողական սկզբունքներին և փոքրաթիվ կառավարության գաղափարին հավատարիմ մնալու մասին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչն ու Տեխասի նահանգի կոնգրեսական Ռոն Փոլը Միչիգանում և Արիզոնայում անցկացված նախնական ընտրությունների արդյունքներով զգալիորեն հետ են մնում, սակայն նրանք քիչ ժամանակ էին տրամադրել այս երկու նահանգներում ծավալված ընտրապայքարին: Փոխարենը, Գինգրիչն ու Փոլն իրենց ուժերը կենտրոնացրել են հաջորդ շաբաթ կայանալիք նախնական ընտրությունների վրա: