Ռուսաստանի դրոշը կրող զրահամեքենաներ մուտք են գործել Ուկրաինայի Սլավյանսկ քաղաք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, թե Ուկրաինայում խորացող ճգնաժամը քաղաքացիական պատերազմի եզրին է կանգնեցրել այս երկիրը
Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաք մուտք է գործել Ռուսաստանի դրոշը կրող վեց զրահամեքենա:

Ականատեսների համաձայն, զրահամեքենաներից յուրաքանչյուրի վրա նստած էին տարբեր տեսակի զինվորական համազգեստ կրող զինված անձինք:

Ռուսաստանի դրոշը կրող զրահամեքենաների շարասյունը Սլավյանսկ քաղաք էր մտել Կրամատորսկ քաղաքից, որը գտնվում է Սլավյանսկից դեպի հարավ 15 կիլոմետր հեռավորության վրա:

Զրահամեքենաներից մեկի վրա գտնվող՝ ռազմական համազգեստ կրող անձանցից մեկը տեղեկացրել էր «Ռոյթերս» գործակալությանը, որ շարասյունը պատկանում է Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղակայված Ուկրաինայի 25-րդ դեսանտային դիվիզիային, և զրահամեքենաներում գտնվում են այդ ստորաբաժանման զինծառայողներ, որոնք «զենք չեն բարձրացնի իրենց ժողովրդի վրա»:

Նույն օրը Դոնեցկ քաղաքում ռուսաստանամետ զինյալները վերահսկողություն են հաստատել երկրի քաղաքապետի գրասենյակի և քաղաքապետարանի շենքի նկատմամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, թե Ուկրաինայում խորացող ճգնաժամը քաղաքացիական պատերազմի եզրին է կանգնեցրել այս երկիրը:

Նախագահ Պուտինը կանցլեր Մերքելի հետ ունեցած հեռախոսազրույցում «հակասահմանադրական» է որակել Ուկրաինայի արևելյան շրջանների տասը քաղաքներում պետական մարմինների շենքերը գրաված ռուսաստանամետ ցուցարարների նկատմամբ Ուկրաինայի իշխանությունների կողմից ուժի գործադրման մասին ընդունված որոշումը:

Պուտինի և Մերեքլի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները հույս են հայտնել, որ Ժնևում հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև բանակցությունները ցույց կտան, թե որքան կարևոր է խաղաղ լուծում գտնել Ուկրաինայում ծավալված ճգնաժամին: