Օբամա. «Չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ»

Նախագահ Օբաման նշել է, որ ռազմական տարբերակը չի քննարկվում, սակայն Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պատրաստ են «է՛լ ավելի կործանիչ տնտեսական գործողությունների ձեռնարկման»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում՝ ասելով, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունները «պատշաճ չէին լինի»:

«Մենք կմոբիլիզացնենք մեր դիվանագիտական հնարավորությունները՝ ստեղծելու համար միջազգային հզոր կոալիցիա, որը հստակ նշան կուղարկի այն մասին, որ Ուկրաինան պետք է ինքը կարգավորի իր ճակատագիրը», - ասել է նախագահ Օբաման «Քեյ-Էս-Դի-Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով. «Կարծում եմ՝ ուկրաինացիները կընդունեին, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունները պատշաճ և բարենպաստ չէին լինի Ուկրաինայի համար»:

Նախագահ Օբաման հարցազրույցում նշել է, որ ռազմական տարբերակը չի քննարկվում, սակայն Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պատրաստ են «է՛լ ավելի կործանիչ տնտեսական գործողությունների ձեռնարկման»:

«Ակնհայտ է, որ չենք ցանկանում իրականա պատերազմ առաջացնել Ռուսաստանի հետ: Ուկրաինացիները դա չեն ցանկանում: Եվ ոչ ոք չէր ցանկանա», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները թելադրված են եղել «թուլությամբ, այլ ոչ թե հզորությամբ»:

Օբամայի կարծիքով, Պուտինն «անհարմարություն» է զգում, երբ պետությունները թուլացնում են կապերը Կրեմլի հետ՝ Արևմուտքի հետ փոխգործակցության առավել մեծ հնարավորություններ ունենալու համար:

«Իր ռազմավարական որոշումների հիմքում որևէ կերպ ընկած չէր այն գաղափարը, որ մենք կարող ենք այդ պատճառով պատերազմ սկսել: Կարծում եմ՝ հստակ հասկանալի է, որ երբ խոսքը գնում է մեր հիմնական շահերի կամ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների մասին, ապա մենք ունակ ենք պաշտպանելու ինքներս մեզ», - շեշտել է նախագահ Օբաման: