Նախագահ Օբաման Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

«Մենք լսել ենք, որ նախկինում ընդունված պատժամիջոցները որևէ արդյունք չեն ունենա: Երաշխավորում եմ, որ վերոնշյալ անձանցից ոչ ոք չի կարողանալու գործարար որևէ գործունեություն ծավալել Ռուսաստանի սահմաններից դուրս»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է նոր հրամանագիր, որով նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտների նկատմամբ:

«Մենք աշխատում ենք առավել խիստ պատժամիջոցների մշակման վրա, որոնք կընդունվեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակի լարվածության սաստկացման դեպքում», - ասել է նախագահ Օբաման, որի համաձայն պատժամիջոցները, ի թիվս այլոց, ուղղված կլինեն Ռուսաստանի կառավարությանը նյութական աջակցություն ցուցաբերող բանկի նկատմամբ:

Նախագահ Օբաման տեղեկացրել է նաև, որ հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել Ուկրաինային օժանդակություն տրամադրելու միջոցներ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, պատժամիջոցներ են ընդունվել Ռուսաստանի հիմնական ղեկավարների, Ռուսաստանի ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող մի քանի ազդեցիկ անհատների և բանկերի, այդ թվում՝ Անդրեյ Ֆորսենկոյի, Վլադիմիր Յակունինի, Վլադիմիր Կոզինի, Գենադի Տիմչենկոյի, Ռոտենբերգ եղբայրների, ինչպես նաև Յուրի Կովալչուկի նկատմամբ, որին պաշտոնյան «Պուտինի անհատական բանկիր» է անվանել: Պատժամիջոցների ազդեցության տակ ընկած բանկերից է «Ռոսիյա» բանկը, որը Ռուսաստանի խոշորագույն 7-րդ բանկն է:

«Մենք լսել ենք, որ նախկինում ընդունված պատժամիջոցները որևէ արդյունք չեն ունենա: Երաշխավորում եմ, որ վերոնշյալ անձանցից ոչ ոք չի կարողանալու գործարար որևէ գործունեություն ծավալել Ռուսաստանի սահմաններից դուրս», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան աղբյուրը:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկական, լեռնահանքային, ճարտարագիտական, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ:

«Ռուսաստանում սխալմամբ կարծում էին, որ մենք կանգ կառնենք երկուշաբթի օրը սահմանված պատժամիջոցների վրա: Դա տեղի չի ունեցել: Մենք նաև կանգ չենք առնի այսօր սահմանված պատժամիջոցների վրա: Մենք պատրաստ ենք առաջ գնալու», - ասել է աղբյուրը, որի համաձայն Միացյալ Նահանգները հետևում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ գործադրվող ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և տնտեսական ճնշումներին:

«Մենք նաև հետևում ենք Ղրիմում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին. Ռուսաստանը հայտարարել էր, որ ռազմական միջամտությունը ձեռնարկվել էր այդ իրավունքների պաշտպանության համար: Մենք սակայն տեսնում ենք, որ օկուպացումից հետո իրավիճակը վատթարացել է: Մենք կարձագանքենք այս բոլոր գործողություններին», - նշել է ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրը:

ԱՄՆ-ից բացի, նոր պատժամիջոցներ պատրաստ է սահմանել նաև Եվրամիությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը Բրյուսելում ասել է, որ Ղրիմի բռնակցումը խախտում է միջազգային բոլոր պայմանավորվածությունները: Կանցլերի համաձայն, Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման դեպքում Եվրամիությունն իր հերթին պատրաստ է ընդունել տնտեսական բնույթի պատժամիջոցներ:

Վաշինգտոնի կողմից ընդունված պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանն իր հերթին ընդունել է պատժամիջոցներ, որոնք տարածվել են «Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ԱՄՆ-ի կողմից ընդունված պատժամիջոցների հետ առնչություն ունեցող պաշտոնյաների և կոնգրեսականների նկատմամբ»:

Ռուսաստանն իր տարածք մուտքն արգելել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Քերոլայն Ատկինսոնին, ԱՄՆ-ի նախագահ օգնական Դենիել Փֆայֆերին, ԱՄՆ-ի նախագահի օգնական Բենջամին Ռոդսին, ԱՄՆ-ի Սենատում մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներին, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին, սենատորներ Մերի Լյուին, Ջոն ՄըքՔեյնին և Դենիել Քոուսին: