ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, ծովակալ Մայք Մյուլենը մեկնաբանություններ է ներկայացրել Ասիայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը պահպանելու, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարածաշրջանում անվտանգություն ապահովելու նպատակով համատեղ աշխատանքի վերաբերյալ։
Մյուլենն իր մեկնաբանություններով հանդես է եկել Չինաստան իր չորսօրյա այցի սկզբին։ Չինաստանի «Սինխուա» պետական լրատվական գործակալության համաձայն, Մյուլենը երկուշաբթի առավոտյան հանդիպում է անցկացրել Չինաստանի զինուժի շտաբի պետ Չեն Բինգդեի հետ։
Ծովակալ Մյուլենը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Վաշինգտոնը մտահոգված է այն հանգամանքով, որ Չինաստանի և իր երկու հարևանների միջև վեճը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Ավելի ուշ Պեկինի հեղինակավոր «Ռենմին» համալսարանում իր ելույթի ժամանակ նա հայտնել է ուսանողներին, որ Միացյալ Նահանգները կա և մնալու է խաղաղօվկիանոսյան տիրություն։ Նա սակայն նշել է, որ ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Չինաստանը կանգնած են տարածաշրջանային և գլոբալ այնպիսի մարտահրավերների առջև, որոնք չափազանց կարևոր են՝ երկու կողմերի միջև տարաձայնությունների պատճառով չլուծված մնալու համար։
Մյուլենը Չինաստանի հզորացող զինուժին առավել բաց լինելու կոչով է դիմել՝ ասելով, որ «ռազմական աճող հզորությունը ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն, համագործակցություն և, ինչը նույնպես կարևոր է, ավելի մեծ թափանցիկություն»։