Չինացի գրողը՝ գրականության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր

Չինացի գրող՝ գրականության ոլորտում Նոբելյան դափնեկիր Մո Յանը

Նոբելյան հանձնաժողով. «Հեղինակը, միակցելով ժողովրդական հեքիաթները, պատմությունն ու ներկայիս ժամանակը, ստեղծում է «հալյուցինատորային իրականություն»
Չինացի գրող Մո Յանին շնորհվել է գրականության ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը:

Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Շվեդիայի թագավորական ակադեմիան:

Նկարագրելով Մո Յանի աշխատանքները, Նոբելյան հանձնաժողովը նշել է, որ հեղինակը, միակցելով ժողովրդական հեքիաթները, պատմությունն ու ներկայիս ժամանակը, ստեղծում է «հալյուցինատորային իրականություն»:

Չինատանում Մո Յանը համարվում է ժամանակակից ամենաազդեցիկ հեղինակներից մեկը:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան քիմիայի ոլորտում հեղինակավոր մրցանակը հինգշաբթի օրը շնորհել է ամերիկացի գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցին ու Բրայան Կոբիլկային:
Լեֆկովիցին ու Կոբիլկային Նոբելյան մրցանակ է շնորհվել G-սպիտակուցի զուգորդված ընկալիչներին վերաբերող ուսումնասիրության համար: G-սպիտակուցի զուգորդված ընկալիչները բջջի այն մասն են, որոնք ազդեցություն են գործում մարմնի կողմից դեղամիջոցների ընկալման վրա:

Ֆիզիկայի ոլորտի 2012 թվականի Նոբելյան մրցանակը երեքշաբթի օրը շնորհվել է ամերիկացի Դեյվիդ Ուայնլանդին և ֆրանսիացի Սերժ Հարոշին:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երկուշաբթի օրը մեկնարկած Նոբելյան շաբաթի առաջին մրցանակը շնորհվել էր բժշկության ոլորտում: Վաղը հայտնի կդառնան խաղաղության Նոբելյան մրցանակի դափներկիրները:

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին: Դափնեկիրներին մրցանակները կշնորհվեն դեկտեմբեր ամսին Ստոկհոլմում: