Զինյալները բազմաթիվ ոստիկանների են սպանել Եգիպտոսում

Հարձակման ընթացքում զինյալները հրթիռներ են կիրառել ոստիկաններին տեղափոխող երկու ավտոբուսի ուղղությամբ
Եգիպտոսի անվտանգության ուժերի համաձայն, Սինայի թերակղզում զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության առնվազն 24 ծառայող:

Հարձակումն իրականացվել է երկուշաբթի վաղ առավոտյան՝ Գազայի գոտու հետ սահմանամերձ Ռաֆահ քաղաքի մոտակայքում: Հարձակման ընթացքում զինյալները հրթիռներ են արձակել ոստիկաններին տեղափոխող երկու ավտոբուսի ուղղությամբ:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը նախօրեին հաղորդել էր «Մահմեդական եղբայրության» 36 անդամի արցունքաբեր գազի պատճառով խեղդամահ լինելու մասին: Իշխանությունների համաձայն, «Մահմեդական եղբայրության» անդամների մահը վրա էր հասել Կահիրեի բանտերից մեկում փախուստի փորձ կատարելու ժամանակ:

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար Աբդուլ Ֆաթահ Սինին կիրակի օրը կրկին սպառնացել է ուժ գործադրել պետական հիմնարկությունների և ոստիկանության բաժանմունքների ուղղությամբ հարձակումներ կատարելու փորձ իրականացնողների նկատմամբ:

Սիսին միաժամանակ ասել է, թե զինված ուժերը չեն նախատեսում իշխանության գլուխ գալ Եգիպտոսում:

Աբդուլ Ֆաթահ Սինին հորդորել է տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցներին միանալ քաղաքական գործընթացին՝ հայտարարելով, որ այս գործընթացում «տեղ կա բոլորի համար»: