Հակամահմեդական կինոնկարի ենթադրյալ հեղինակը քննադատել է ցուցարարներին

«Միացյալ Նահանգների կառավարությանը ֆիլմի ֆինանսավորման մասին ներկայացվող մեղադրանքները ծիծաղելի են և անհեթեթ, քանի որ Ամերիկան որևէ առնչություն չունի այս ֆիլմի հետ»
Հակամահմեդական կինոնկարի նկարահանման հետևում կանգնելու մասին հայտարարած անձը քննադատության է ենթարկել կինոնկարի պատճառով իրենց բողոքն արտահայտող ցուցարարներին:

Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորող «Sawa» ռադիոկայանին տված հարցազրույցում կինոնկարի ենթադրյալ ռեժիսորն ասել է, որ իր հայրենակից արաբները «պետք է սովորեն խաղաղ բողոքել այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ առկա են տարաձայնություններ»:

Նրա համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությանը ֆիլմի ֆինանսավորման մասին ներկայացվող մեղադրանքները «ծիծաղելի են և անհեթեթ, քանի որ Ամերիկան որևէ առնչություն չունի այս ֆիլմի հետ»:

«Sawa» ռադիոկայանը հայտնել է, որ հարցազրույցին մասնակցած անձը հրաժարվել է իր ինքնությունը բացահայտելուց, սակայն կոնտակտային տեղեկությունները տրամադրած անձի համաձայն, հարցազրույցի մասնակցի անունը Նաքուլա Բասելի Նաքուլա է:

Որոշ լրատվամիջոցների վկայությամբ, «Մահմեդականների անմեղությունը» վիճահարույց ֆիլմի հետ առնչություն ունի 55-ամյա եգիպտացի ղպտի քրիստոնյա Նաքուլան, որը բնակվում է Կալիֆորնիայում և վերջերս դուրս է եկել բանտից, որտեղ պատիժ էր կրում բանկային մեքենայություններ իրականացնելու համար: