Քերրին Իրանի միջուկային ծրագիր շուրջ բանակցությունների կմասնակցի

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Քերրիի ներկայությունը կնպաստի Իրանի և աշխարհի վեց տերությունների միջև առկա տարաձայնությունների նվազեցման
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ուրբաթ օրը Ժնևում կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Քերրիի ներկայությունը կնպաստի Իրանի և աշխարհի վեց տերությունների միջև «առկա տարաձայնությունների նվազեցման»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացվող բանակցությունների երկու կողմերը նախօրեին հայտնել էին գրանցված առաջընթացի մասին: Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել էր, թե հավատացած է, որ համաձայնություն հնարավոր կլինի ձեռք բերել մինչև ուրբաթ օրվա վերջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի շուրջ անցկացվող բանակցությունների դիտորդների համաձայն, արտգործնախարար Քերրիի բանակցություններում մասնակցության մասին վերջին րոպերին ընդունված որոշումը նշանակում է, որ պայմանագրի ստորագրումն անխուսափելի է: Բանագնացներն այնուամենայնիվ զգուշացնում են, որ երկու կողմերի միջև դեռևս պահպանվում են տարաձայնություններն այն մասին, թե որ չափով Իրանը պետք է դադարեցնի միջուկային ծրագրի շուրջ իրականացվող աշխատանքները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի հետ քննարկվող գործարքը «չափավոր եղանակով կթուլացնի» Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները, սակայն պատժամիջոցների մեծ մասը կմնա ուժի մեջ:

Նախագահ Օբամայի համաձայն, Իրանի հետ հնարավոր կլինի կնքել փուլային համաձայնագիր, որի առաջին մասը պետք է լինի Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի ընդլայնումը: