Օբաման, Պուտինն ու Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայտարարությամբ են հանդես եկել

«Շարունակում ենք խորապես հավատալ, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների կողմից ընդունված հայտարարություններում ուրվագծված տարրերը պետք է ընկած լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև ցանկացած կարգավորման հիմքում»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայտարարությամբ են հանդես եկել Հյուսիսային Իռլանդիայում անցկացվող «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման:

«Մենք՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարատև խաղաղ կարգավորման գործում օժանդակության տրամադրմանը: Հայտնում ենք մեր խորը ափսոսանքն այն պատճառով, որ փոխադարձ շահերի հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն բանակցային գործընթացում կողմերը շարունակում են միակողմանի առավելություններ ձեռք բերելու փորձեր կատարել», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ:

«Շարունակում ենք խորապես հավատալ, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների կողմից ընդունված հայտարարություններում ուրվագծված տարրերը պետք է ընկած լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև ցանկացած կարգավորման հիմքում: Այս տարրերը պետք է դիտվեն որպես ամբողջություն, քանի որ որոշ տարրերին մեկ այլ տարրերի նկատմամբ առավելություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հանգելը», - ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները վերահաստատել են, որ խաղաղության, կայունության և հաշտեցման կարող է հանգեցնել խնդրի միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը` ստեղծելով նոր հնարավորություններ տարածաշրջանի զարգացման և գործակցության համար:

«Ռազմական ուժի կիրառումը, որի հետևանքով է ստեղծվել ներկա անկայուն վիճակը, չի լուծելու հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքների կբերի տարածաշրջանի բնակչության համար և կհանգեցնի մարդկային կորուստների, ավերածությունների, փախստականների թվի ավելացման և ֆինանսական հսկա կորուստների: Հորդորում ենք բոլոր կողմերի առաջնորդներին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները հարգելու սկզբունքներով: Կոչ ենք անում նրանց նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել հակամարտության սրացման: Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի», - նշված է Օլանդի, Պուտինի և Օբամայի հայտարարության մեջ:

«Մեր երկրները պատրաստ են աջակցել կողմերին, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու պատասխանատվությունը մնում է նրանց վրա: Համոզված ենք, որ համապարփակ խաղաղության շրջանակի վերաբերյալ հավասարակշռված համաձայնության հասնելու հետագա ձգձգումն անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նոր եռանդով կենտրոնանալ այն խնդիրների լուծման վրա, որոնք մինչ այժմ չլուծված են մնում», - եզրափակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի համատեղ հայտարարությունը: