«Հրանտ Դինք» հիմնադրամ. «Հայերը, հրեաներն ու քրիստոնյաները Թուրքիայի մամուլում ատելության խոսքի հիմնական թիրախն են»

Հիմնադրամի զեկույցի համաձայն, Թուրքիայի մամուլում ատելություն սերմանող խոսքի հիմնական տարածողները սյունակագիրներն են
«Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն սերմանող խոսք» զեկույցը, որը վերաբերում է 2013 թվականի առաջին եռամսյակին:

Հիմնադրամի զեկույցի համաձայն, Թուրքիայում ատելություն սերմանող խոսքի հիմնական տարածողները եղել են սյունակագիրները, իսկ խտրականություն սերմանող խոսքի թիրախը հաճախակի դարձել են կրոնական և ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև գեյ, լեսբուհի, երկսեռական և գենդերափոխ (LGBT) խմբի ներկայացուցիչները:

Զեկույցի համաձայն, Թուրքիայում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնություններից ատելություն սերմանող խոսքի թիրախ ամենից հաճախ դառնում են հայերը, հրեաներն ու քրիստոնյաները՝ այս հերթականությամբ ըստ հաճախության և լարվածության: Թուրքիայում բնակվող հույն և քուրդ համայնքներն, ըստ զեկույցի, նույնպես դառնում են խտրականություն սերմանող հրապարակումների առարկա, սակայն այս երկու խմբերի նկատմամբ հրապարակումների թիվը զգալիորեն ավելի ցածր է, քան նախորդ երեքին վերաբերող հրապարակումների հաճախությունը:

«Հրանտ Դինք» հիմնադրամի զեկույցի համաձայն, ատելություն սերմանող խոսք պարունակող բազմաթիվ հրապարակումների թիրախ են դարձել նաև կանայք և LGBT անձնավորությունները: Նման հրապարակումների հիմնական մասում տրվում էր նյութի առարկա դարձած կանանց ֆիզիկական մանրամասն նկարագրությունը, իսկ այդ նյութերի հիմնական մասը վերաբերում էր սեռական ծառայություններ մատուցողներին: LGBT անձանց վերաբերյալ լուրերի հիմնական մասն այդ անձանց կապում էր քրեական գործունեություն իրականացնելու հետ, իսկ նկարագրության ժամանակ օգտագործվում էր «տրանսվեստիտ» բառը, որի կիրառումը վիրավորանք հասցնելու նպատակ էր հետապնդում: