Թեժ մարտեր՝ Սիրիայի մայրաքաղաքում

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնյաներն անցկացրել են Սիրիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակին ռազմական, հետախուզական և քաղաքական արձագանքը համակարգող հանդիպում
Սիրիայի մայրաքաղաքի որոշ շրջաններում հինգշաբթի օրը շարունակվել են թեժ մարտեր երկրի կառավարական ուժերի և ապստամբների միջև:

Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձան Դարայաում կառավարական ուժերը ծանր զենք են կիրառել: Բախումներ են եղել նաև մայրաքաղաքի Հաջար ալ-Ասվադ շրջանում:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է ապստամբների ուժերի կողմից Դերաա-Դամասկոս մայրուղու վրա տեղադրված հսկիչ-անցագրային կետերից մեկում կառավարական ընդհանուր առմամբ տասը զինծառայողի ոչնչացնելու կամ վնասվածքներ հասցնելու մասին:

Կազմակերպության համաձայն, Դամասկոսում չորեքշաբթի օրն իրականացված բախումների պատճառով զոհվել էր առնվազն 41 մարդ:

Բախումներ են շարունակվել նաև Հալեպում, որտեղ ընդդիմության կողմը, ըստ հաղորդագրությունների, անցել են նաև օտարերկրյա պետություններից ժամանած մարտիկներ:

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը, ելույթ ունենալով Դամասկոսում, մեղադրել է Թուրքիային նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ պայքարող ընդդիմությանը սպառազինություն տրամադրելու մեջ:

Անկարայում այս ընթացքում Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք անցկացրել են «օպերատիվ ծրագրավորման» նվիրված առաջին հանդիպումը, որը նպատակ է հետապնդել համակարգելու ռազմական, հետախուզական և քաղաքական արձագանքը Սիրիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակին:

Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում հինգշաբթի օրը չեն դադարել նախագահ Ասադի կողմնակիցների և ընդդիմախոսների արդեն չորս օր շարունակվող բախումները: Բախումները կրկին բռնկվել են այն բանից հետո, երբ քաղաքական առաջնորդները մոտ մեկ օր առաջ պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայում շարունակվող հակամարտությամբ հրահրված բախումները դադարեցնելու մասին: