Իսրայելի և Գազայի գոտու միջև պահպանվում է զինադադարը

Իսրայելի և պաղեստինցիների միջև զինադադարի պահպանման մոնիթորինգն իրականացվում է Եգիպտոսի կողմից
Պաղեստինցիների և Իսրայելի միջև հինգշաբթի օրը շարունակվել է պահպանվել մի քանի ժամ առաջ հաստատված զինադադարը:

Այն դեպքում, եթե Իսրայելը և Գազայի գոտում կառավարումն իրականացնող «Համաս»-ի զինյալները կարողանան պահպանել զինադադարը մինչև այսօր տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ը, ապա դա թույլ կտա բացել սահմանային մուտքերը դեպի Գազայի գոտի՝ հնարավորություն ընձեռելով այս տարածք մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնելու համար:

Զինադադարի հաստատման մասին հայտարարությամբ Կահիրեում չորեքշաբթի օրը հանդես էր եկել Եգիպտոսի արտգործնախարար Մոհամմեդ Քամել Ամրը՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի ներկայությամբ:

Զինադադարի մասին հայտարարությունն արվել է Քլինթընի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունքի կողմից անցկացված երկարատև հանդիպումներից հետո:

Արտգործնախարար Քլինթընը գովասանքի խոսքեր է ուղղել Եգիպտոսի նոր կառավարությանը՝ զինադադարը հաստատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար, և նշել, որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը համատեղ կաշխատեն գործընթացում կատարվելիք հաջորդ քայլերին աջակցելու ուղղությամբ:

Զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո փողոց էին դուրս եկել Գազայի գոտու բազմաթիվ բնակիչներ, որոնք տոնում էին զինադադարի հաստատումը: Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բանակը հինգշաբթի օրը ձերբակալել է պաղեստինցի զինյալ կազմակերպությունների բարձրաստիճան 55 ներկայացուցչի:

Իսրայելի և պաղեստինցիների միջև զինադադարի պահպանման մոնիթորինգն իրականացվում է Եգիպտոսի կողմից: Զինադադարը հաստատելուն նախորդած մի քանի օրվա ընթացքում Իսրայելի և Գազայի գոտու միջև իրականացված միջսահմանային հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 140 պաղեստինցի և Իսրայելի խաղաղ հինգ բնակիչ: