«Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս սառեցված հակամարտություն չէ»

«Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս սառեցված հակամարտություն չէ»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այլևս սառեցված համարել չի կարելի»: Այս կարծիքը հայտնեց Բրուքինգզ հաստատության եվրասիական հարցերով փորձագետ Ֆիոնա Հիլը:

«Ակնհայտ է դառնում, որ շփման գծում կրակոցներն ու զոհերի թիվը շարունակում է աճել, իսկ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի: Հայաստանում ռուսական կայազորի ներկայությունը երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիրը կարող է ինչ որ չափով զսպող հանգամանք լինել, սակայն դրան զուգահեռ Ռուսաստանի նախագահն այցելում է Բաքու և զինում նաև հակամարտության այս կողմին, ինչը է՛լ ավելի է մեծացնում հնարավոր նոր պատերազմի հավանականությունը» ավելացրել է Հիլը, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին:

Ըստ Ֆիոնա Հիլի, Միացյալ Նահանգները պետք է առավել կարևորի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ նոր պատերազմը կործանարար կլինի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ընդհանրապես աշխարհում գլոբալ անվտանգության տեսանկյուններից:

Հիշեցնենք, որ մինչ այս Վաշինգտոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Թոմաս դը Վաալը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, նշել էր, թե հնարավոր նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի: Այս հանգամանքը նա պայմանավորել էր շփման գծում այս պահին առկա հայկական ուժերի դիրքային առավելությունով: