ԱՄՆ-ի ԱԱԾ-ը հավաքագրել է ամերիկացիների էլեկտրոնային հազարավոր նամակներ

Verizon հեռահաղորդակցային ընկերության մասնագետը՝ ընկարությնա սարքավորումները սպասարկելու ընթացքում (արխիվային լուսանկար)

Հետախուզական ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ փաստաթղթերն ապագաղտնիացվել են՝ ցույց տալու համար, որ ԱԱԾ-ը չի իրականացրել ամերիկացիների մասնավոր հաղորդակցությունների միտումնավոր գաղտնալսում
ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայությունը հրապարակել է 2011 թվականին դատարանի կողմից տրված եզրակացությունն այն մասին, որ այս կազմակերպությունն անօրինական եղանակով հավաքագրել է ամերիկացիների մոտ 56 հազար էլեկտրոնային նամակ 2008-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաները հայտնել են լրագրողներին, որ գործակալությունը 2011 թվականին հայտնաբերել էր ԱՄՆ-ի քաղաքացիների միջև իրականացվող հաղորդակցությունը օտարերկրյա հաղորդակցության նկատմամբ հետախուզական գործողությունների իրականացմանը միտված ծրագրի շրջանակներում: Գործակալությունն այնուհետև տեղեկացրել էր իր գործունեությունը վերահսկող գաղտնի դատարանին այդ մասին, որը և կարգադրել է գործակալությանը վերանայել ծրագիրը՝ չշփոթելու համար երկրի ներսում և երկրից դուրս իրականացվող հաղորդակցությունները:

Դատավոր Ջեյմս Բեյթսը սակայն 2011 թվականին հրապարակված 85-էջանոց որոշման մեջ եզրակացրել է, որ այս ծրագրի իրականացման համար հավանություն ստանալու նպատակով պետական մարմինները տրամադրել էին մի շարք մոլորեցնող հաշվետվություններ: Դատավոր Բեյթսը բացի այդ նշել է, որ ԱԱԾ-ն ըստ էության խախտել է ԱՄՆ-ի սահմանադրությունը, որն արգելում է «անհիմն խուզարկումներն ու ձերբակալությունները»:

ԱՄՆ-ի ԱԱԾ-ը, եզրակացնելուց հետո, որ տեղեկությունները հավաքվել էին սխալմամբ, ոչնչացրել է դրանք:

Հետախուզական ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ փաստաթղթերն ապագաղտնիացվել են՝ ցույց տալու համար, որ ԱԱԾ-ը չի իրականացրել ամերիկացիների մասնավոր հաղորդակցությունների միտումնավոր գաղտնալսում:

ԱՄՆ-ի օրենսդիրներն այնուամենայնիվ պահանջում են խստացնել վերահսկողությունն ԱԱԾ-ի նկատմամբ՝ ԱՄՆ-ի պետական մարմինների կողմից իրականացվող հետախուզական գործողությունների ծավալը սահմանափակելու նպատակով: