«Դինքի սպանությունը կազմակերպված հանցագործություն էր, ոչ թե անհատի գործողություն». Թուրքիայի դատարան

Հրանտ Դինքի գործով զբաղվող իրավաբանների խումբն այնուամենայնիվ առարկություններ կներկայացնի այս դատավճռի կապակցությամբ
«Թուրքիայի վերաքննիչ գերագույն դատարանը մայիսի 15-ին չեղյալ է հայտարարել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով նախորդ վճիռները, որոնց համաձայն կասկածյալները որևէ առնչություն չունեին զինյալ հանցավոր կազմակերպությունների հետ՝ փոխարենը վճռելով, որ կասկածյալները նման կազմակերպությունների անդամ են եղել»:

Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն դատավճիռը հնարավորություն է տալիս անցկացնելու կասկածյալներին դատավարությունը զինյալ հանցավոր կազմակերպության ստեղծման մեղադրանքներով:

Դատարանի համաձայն, «նման կազմակերպություն հիմնադրվել էր հանցագործություն կատարելու նպատակով»:

Հրանտ Դինքի գործով զբաղվող իրավաբանների խումբն այնուամենայնիվ առարկություններ կներկայացնի այս վճռի կապակցությամբ, որտեղ «կազմակերպությունը» սահմանված է որպես «հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված կազմակերպություն»՝ «զինյալ ահաբեկչական կազմակերպություն» սահմանման փոխարեն: Այս մասին պարբերականին հայտնել է իրավաբան Բահրի Բելենը, որի համաձայն դատավճռում չեն արտացոլվել կասկածյալների քաղաքական դրդապատճառները:

«Գերագույն դատարանի համաձայն, առկա է կազմակերպություն, որը սակայն քաղաքական բնույթ չունի: Անհրաժեշտ է սահմանում տալ այս կազմակերպությանը: Գերագույն դատարանի դատավճռի համաձայն, սպանությունը նման է գումարների շորթման նպատակով հանցախմբերի կողմից իրականացվող սպանությունների, սակայն այս դեպքում առկա է երկարատև գործընթաց, որը սկսվել էր [Տրապիզոնում] «ՄըքԴոնալդս»-ի ռմբակոծությունից և բերել Դինքի սպանության: Իրավական սահմանումը սխալ է, քանի որ սա ահաբեկչական հարձակում էր, որն իրականացվել էր ոչ թե սովորական հանցախմբի, այլ քաղաքական կազմակերպության կողմից»:

Բելենի համաձայն, Հրանտ Դինքի գործով զբաղվող իրավաբանների խմբի առարկություններից հետո իրավական նոր գործընթացներն ու լրացուցիչ մեղադրականների ներկայացումը կիրականացվեն ավելի արագ, քան դա եղել էր դատավարության սկզբնական փուլում: