«Ձերբակալված լրագրողների թիվն աշխարհում ռեկորդային է». Լրագրողների պաշտպանության կոմիտե

Թուրքիայում լրագրողների ազատազրկման դեմ անցկացվող ցույց (արխիվային լուսանկար)

Ադրբեջանը, ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի, բանտարկված լրագրողների ցուցանիշով աշխարհում յոթերորդն է
«Աշխարհում բանտարկված լրագրողների թիվը 2012 թվականին ռեկորդային է եղել, ինչը մասամբ պայմանավորված է լրագրողներին և խմբագիրներին ահաբեկչության և պետականության դեմ ուղղված այլ մեղադրանքների համատարած կիրառմամբ», - ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության կողմից նոր հրապարակված զեկույցում:

Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ ազատազրկման մեջ է գտնվում 232 լրագրող: Այս տվյալը, իրավապաշտպանների համաձայն, 53-ով գերազանցում է 2011 թվականին գրանցված նույն ցուցանիշը:

«Թուրքիայում, Իրանում և Չինաստանում իրականացված լայնամասշտաբ բանտարկությունների պատճառով ազատազրկման մեջ գտնվող լրագրողների թիվը հասցվել է 1990 թվականից, երբ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» մեկնարկել է համաշխարհային այս հարցման անցկացումը, ամենաբարձր ցուցանիշի՝ գերազանցելով 1996 թվականին գրանցված՝ 185 բանտարկված լրագրողի մինչ այժմ եղած ամենաբարձր ցուցանիշը», - ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի, այդ երեք պետությունները աշխարհում լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամեծ թիվը բանտարկող պետություններն են, որոնցից յուրաքանչյուրում քաղաքական, ներառյալ ազգային փոքրամասնությունների կողմից արտահայտված, այլախոհությունը լռեցնելու նպատակով լայն կիրառում է գտել պետականության դեմ ուղղված գործունեությանը վերաբերող օրենսդրության օգտագործումը:

«Ամբողջ աշխարհում 2012 թվականին պետականության դեմ ուղղված գործունեության՝ ահաբեկչության, ազգի դավաճանության և իշխանությունը տապալելու դավադրութան մեղադրանքները եղել են լրագրողներին ներկայացվող ամենատարածված մեղադրանքները», - ասված է կազմակերպության զեկույցում, որի համաձայն նման մեղադրանքներով ազատազրկվել է 132 լրագրող:

«Վիետնամը, Ադրբեջանը, Եթովպիան, Ուզբեկստանն ու Սաուդյան Արաբիան եզրափակում են ամենամեծ թվով բանտարկված լրագրողներ ունեցող պետությունների առաջին տասնյակը: Այս պետություններից երկուսում՝ Ադրբեջանում և Ուզբեկստանում, իշխանությունները, ակնառու լրագրողների և խմբագիրների դեմ վրեժխնդիր լինելով կիրառել են խուլիգանության և թմրանյութեր պահելու մեղադրանքներ», - նշում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն՝ շեշտելով, որ այդ մեղադրանքները շինծու են:

«Ադրբեջանը, որն ազատազրկված լրագրողների թվով աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում, բռնի գործողություններ է իրականացրել այլախոհների դեմ երկրում միջազգային կարևորագույն երկու իրադարձությունների՝ «Եվրատեսիլ 2012-ի և «Համացանցի կառավարման ֆորում»-ի անցկացման ժամանակ: Իշխանությունները բանտարկել են ճանաչված առնվազն ինը լրագրողi՝ խուլիգանության, թմրանյութեր պահելու և շորթման մեղադրանքներով: «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն հայտնաբերել է, որ այս մեղադրանքները շինծու են և ներկայացվել են որպես լրագրողների կողմից կատարված աշխատանքի դեմ վրեժխնդրություն», - ասված է իրավապաշտպանների զեկույցում: