Քլինթըն. «Կկիրառենք բոլոր ջանքերը, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա»

«Գերադասում ենք դիվանագիտական լուծում տալ այս խնդրին, և Իրանի պաշտոնատար անձինք դեռևս ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն ունեն»
Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ ԱՄՆ-ը կկիրառի «Ամերիկայի հզորության բոլոր տարրերը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ»:

Այս հայտարարությամբ Քլինթըն հանդես է եկել Իսրայելի պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում միջուկային ծրագրի կողմից արված Իրանի բոլոր առաջարկությունները «որևէ հեռանկար չունեցող» է անվանել:

«Մենք գերադասում ենք դիվանագիտական լուծում տալ այս խնդրին, և Իրանի պաշտոնատար անձինք դեռևս ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն ունեն», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ հավելելով, որ վերջնական որոշումը պետք է կայացվի Իրանի իշխանությունների կողմից:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը հանդիպել է նաև պաղեստինցիների ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ, որի ընթացքում քննարկվել են ինքնավարությունում ինստիտուցիոնալ զարգացման, ինչպես նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղիները:

Արտգործնախարար Քլինթընը անդրադարձ է կատարել վերջին տարիների ընթացքում պաղեստինցիների ինքնավարության կողմից կատարված հսկա առաջընթացի շուրջ և խոստացել, որ ԱՄՆ-ը կշարունակի կատարել ինքնավարությանը տրամադրվող դոնորային օգնությունը՝ հնարավորություն տալով բարձրացնել կառավարման որակը:

«Միացյալ Նահանգների արտգործնախարարը վերահաստատել է երկու պետությունների միջև լուծում գտնելուն միտված ուղիղ բանակցություններ անցկացնելու հանձնառությունը: Արտգործնախարարը հորդորել է կողմերին աշխատել այս ուղղությամբ», - հաղորդել է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը: