Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել կաթնամթերք արտադրող գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի սեփականատիրոջը ՝ մրցակցի կողմից արտադրված կաթի մեջ արդյունաբերական քիմիական նյութ ավելացնելու համար, ինչի պատճառով մահացել է երեք փոքրահասակ երեխա և խաթարվել է ևս 36 երեխայի առողջությունը:
Երկրի հյուսիսարևմտյան Գանսու նահանգի դատարանի դատավճռի համաձայն, Մա Քսիուլինգն իր մրցակցի հետ այս տարվա ապրիլին ունեցած գործնական մի քանի վեճից հետո վերջինիս կողմից արտադրված կաթի մեջ դիտավորյալ ավելացրել է արդյունաբերական նիտրիտ աղ:
Քսիուլինգի ամուսինն այս գործում ներգրավված լինելու համար դատապարտվել է ցմահ բանտարկության:
Դատապարտված ամուսինները նախատեսում են բողոքարկել դատավճիռը:
Վերջին տարիներին Չինաստանում տեղի է ունեցել սննդամթերքի ապահովության հետ կապված մի քանի սկանդալ, որոնցից շատերի դեպքում սննդամթերքի մեջ տարբեր հավելանյութեր են ավելացվել՝ արտադրության արժեքը նվազեցնելու նպատակով:
Այսպես, 2008 թվականին մելամին նյութով աղտոտված կաթի սպառման պատճառով զոհվել էր վեց և խաթարվել առնվազն 300 հազար երեխայի առողջությունը: Մելամինն ավելացվել էր կաթի մեջ՝ արտադրանքի որակի ստուգումների ընթացքում սպիտակուցի պարունակության ցուցանիշը բարձրացնելու նպատակով: