«Սիրիան ոչնչացվում է». ՄԱԿ-ի հանձնակատար

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմի (արխիվային լուսանկար)

«Սիրիան ոչնչացնելու արդյունքում տարածաշրջանը կկանգնի չափազանց դժվար իրավիճակի առջև»
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմին զգուշացրել է, որ Սիրիան «ոչնչացվում է», և հորդորել է այս երկրի հարցով միասնական որոշման գալ չկարողացող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել գործողությունների՝ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար:

Բրահիմին, Անվտանգության խորհրդի հետ մոտ երկու ժամ առանձին հանդիպում ունենալուց հետո, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, թե կոչ է անում խորհրդին կողքի դնել առկա տարաձայնությունները:

«Սիրիան ոչնչացվում է մաս-մաս: Եվ Սիրիան ոչնչացնելու արդյունքում տարածաշրջանը կկանգնի չափազանց դժվար և ամբողջ աշխարհի համար չափազանց կարևոր իրավիճակի առջև: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող շարունակել պահպանել տարաձայնությունների պատճառով առկա բաժանվածությունը և շարունակել հետաձգել այս խնդրի լուծումը: Կարծում եմ՝ այս խնդրով նրանք պետք է զբաղվեն հենց հիմա», - ասել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմին:

Այս ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է Սիրիայի հետ հարևանությամբ գտնվող պետություններում փախստականների կտրուկ աճի մասին:

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի գրասենյակի համաձայն, անցյալ տարվա դեկտեմբերի կեսին գրանցված է եղել Սիրիայից 515 հազար փախստական: Այս թիվը, ըստ գործակալության խոսնակ Էդրիան Էդվարդսի, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ավելացել է 200 հազարով, սակայն նույնիսկ այս գնահատականները կարող են ցածր լինել՝ հաշվի առնելով շարունակվող ճգնաժամի ծավալները: