Հարձակում Բաղդադում՝ ներքին գործերի նախարարության մոտակայքում

Հարձակում Բաղդադում՝ ներքին գործերի նախարարության մոտակայքում

Բաղդադում Իրաքի ներքին գործերի նախարարության մոտակայքում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է առնվազն յոթ, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 30 մարդ:

Իրաքի իշխանությունների համաձայն, երկուշաբթի օրվա առավոտյան պիկ ժամին հարձակում իրականացրած ահաբեկիչը պայթուցիկ պարունակող մեքենա է ուղղել ներքին գործերի նախարարությունը շրջապատող պարսպի ուղղությամբ:

Իշխանությունները հայտնել են, որ զոհվածների թվում եղել է ոստիկանության հինգ ծառայող:

Այս հարձակումն իրականացվել է Բաղդադում անցյալ հինգշաբթի իրականացված մի շարք հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն 70 մարդ:

Հարձակումներն Իրաքի կառավարության կողմից երկրում անվտանգություն ապահովելու ունակության մասին մտահոգություններ են առաջացրել:

Հիշեցնենք, որ Բաղդադում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակումներ էին իրականացվել հիմնականում շիաներով բնակեցված տարածքներում՝ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների դուրսբերումից ընդամենը մի քանի օր անց:

Հարձակումներն իրականացվել էին այն ժամանակ, երբ շիաների կողմից գլխավորած Իրաքի կառավարությունը փորձել էր ձերբակալել երկրի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին՝ կառավարության այլ անդամների սպանություններն իրականացնելու դավադրություն ծրագրելու մեղադրանքներով:

Հաշեմին սակայն ասել էր, որ իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն Իրաքի վարչապետի կողմից հրահրվող քաղաքական բնույթ, որը, ըստ Հաշեմիի, ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների կողմից այս ամսվա ընթացքում երկրից դուրս գալուց հետո փորձում է իր ձեռքերում կենտրոնացնել իշխանությունը:

Փոխնախագահ Հաշեմին հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ վարչապետ Նուրի ալ-Մալիքին իր ձեռքում է կենտրոնացրել անվտանգության և հետախուզական կառույցների վերահսկողությունը և թույլ չի տալիս պաշտոնատար այլ անձանց ներգրավված լինել այս մարմինների գործունեության մեջ: