Ազատության հրապարակում ուշադրության կենտրոնում էին հայ երիտասարդները

«Մեր շարժումը նման է կրակի, և իշխանությունները նրա դեմ գործում են հրշեջ մեքենայի նման»
«Իր հացադուլի տասնութերորդ օրը, ավելի քան երբևէ ուժեղ և առողջ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կեսօրին տվեց մամլո ասուլիս, իսկ երեկոյան մասնակցեց Ազատության հրապարակում ընթացող քաղաքացիական քննարկումներին»:

Այս մասին ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է, որ թվով իններորդ քաղաքացիական խորհրդի կիզակետում «երիտասարդ քաղաքացիներն էին և Հայաստանի ապագային միտված նրանց ծրագրերը»:

Ելույթներով, ըստ հաղորդագրության, հանդես են եկել բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, համալսարանական ակտիվիստ Դանիել Իոննիսյանը, բնապահպան Ապրես Զոհրաբյանը, երիտասարդների առաջնորդ Նարեկ Վարազդատյանը և երիտասարդ մասնագետ Շուշան Վարդանյանը, քննարկումը վարում էր Լևոն Բաղրամյանը:

«Մեր շարժումը նման է կրակի», — ասաց Աբգարյանը՝ հավելելով. «և իշխանությունները նրա դեմ գործում են հրշեջ մեքենայի նման: Բայց նրանք կձախողվեն: Նրանք չեն կարող հանգցնել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների հոգիներում բորբոքված հուրը»:

Ըստ հաղորդագրության, «մարտի 29-ին, ուրբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը կամբողջացնի և կամփոփի քաղաքացիական խորհուրդների շարքը, ապաև Ազատության հրապարակում կայանալիք մեծ հաղթահավաքի ընթացքում հանդես կգա հատուկ ելույթով»: