«Իրաքը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ». ալ-Մալիքի

Հայաստանի արտգործնախարարի այցելել է Իրաք
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրաք կատարվող պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ, որի ընթացքում Իրաքի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ընդգծել, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Արտգործնախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն:

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին անցկացված հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ըստ հաղորդագրության, Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվել են միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Իրաքի վարչապետ Ալ-Մալիքիի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է Իրաքի հյուսիսային Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։

Մամուլի հաղորդագրության համաձայն, արտգործնախարար Նալբանդյանը տեղեկացրել է նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման և հրավերի պահանջը հանելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշման մասին՝ հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկրների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

Հայաստանի արտգործնախարարի և Իրաքի վարչապետի միջև կայացած հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 միլիոն դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայնքին` վարչապետ Նուրի Ալ-Մալիքին ասել է. «Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման»:

Իրաք կատարված այցի ընթացքում, ըստ մամուլի հաղորդագրության, Հայաստան արտգործնախարար Նալբանդյանն այցելել է Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։