Էդ Ռոյսը` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Կոնգրեսական Էդ Ռոյս (արխիվային լուսանկար)

Ամերիկահայ կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել աշխատելու կոնգրեսական Ռոյսի գլխավորած հանձնաժողովի հետ
«Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի նախագահ Էդ Ռոյսն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է ընտրվել»:

Այս մասին հաղորդում են Ամերիկայի հայկական կազմակերպությունները, որոնք նշում են նաև, որ կոնգրեսական Ռոյսն այս պաշտոնում կփոխարինի կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեյթինենին, քանի որ լրացել է վերջինիս պաշտոնավարման ժամկետը:

«Շնորհավորում ենք կոնգրեսական Ռոյսին, որը 1993 թվականին ԱՄՆ-ի Կոնգրես ընտրվելուց հետո եղել է մարդու իրավունքների ոլորտի առաջատար ջատագովներից մեկը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Բրայան Արդունին՝ հավելելով. «Պատրաստ ենք աշխատել կոնգրեսական Ռոյսի և նրա գլխավորած հանձնաժողովի անդամների հետ՝ համատեղ նպատակներն առաջ քաշելու ուղղությամբ»:

Կոնգրեսական Ռոյսի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահ Քեն Խաչիկիյանը նշել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի պաշտոնում կոնգրեսական Ռոյսն առաջ է քաշել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների և գույքի վերադարձի ապահովումը: