Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Armenia, Chairmanship in the Organization of the Black Sea Economic Cooperation

Նալբանդյան. «Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը»
Օդեսայում հունիսի 21-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև այս տրավա դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։

Նախարարական հանդիպմանն իր ելույթում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրել է, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

«Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որի համաձայն ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` «DigiTec 2013» ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Անդրադառնալով ՍԾՏՀ-ի արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրել է ՍԾՏՀ-ի շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:

Նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ-ի հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների և հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

«Ստանձնելով ՍԾՏՀ-ի նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը և միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը», -եզրափակում է հաղորդագրությունը։