Զինյալները հրթիռներ են արձակել Աֆղանստանի մայրաքաղաքում

Զինյալները հրթիռներ են արձակել Աֆղանստանի մայրաքաղաքում

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինյալներն արձակել են երկու հրթիռ, ինչի պատճառով վնասվածքներ է ստացել մեկ մարդ, իսկ հրթիռներից մեկն ընկել է Քաբուլում երկրի ցեղախմբերի առաջնորդների անցկացվող հանդիպման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Երկրի պաշտոնատար անձանց համաձայն, հինգշաբթի օրն իրականացված հարձակման ընթացքում արձակված երկրորդ հրթիռը վայր է ընկել քաղաքի հեռավոր վայրում՝ թեթև վնասներ պատճառելով այնտեղ գտնվող շինություններին:

Հարձակման իրականացման կապակցությամբ, որի համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, ձերբակալվել է առնվազն մեկ մարդ:

Թալիբները նախկինում սպառնացել են խաթարել չորս օր տևող Մեծ ժողովի («Լոյա ջիրգայի») աշխատանքը, որի մասնակցելու համար Քաբուլ են ժամանել Աֆղանստանի ավելի քան 2 հազար քաղաքական գործիչներ, ցեղախմբերի և համայնքների առաջնորդներ` երկրի դեմ ծառացած հիմնական խնդիրները, ներառյալ թալիբների հետ խաղաղ բանակցությունների անցկացման հնարավորությունը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ թալիբները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք ձեռք են բերել երկրի ցեղախմբերի առաջնորդների հանդիպման անվտանգության ապահովման ծրագիրը:

Թալիբների կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, ցեղախմբերի առաջնորդների հանդիպման ընթացքում անվտանգության ապահովման ծրագիրը ձեռք է բերվել «թշնամու շարքերում գտնվող անձնակազմի միջոցով»:

Թալիբները հարձակում էին գործել 2010 թվականին անցկացված ավանդական Մեծ ժողովի («Լոյա ջիրգայի») մասնակիցների վրա: