Սիրիայում հարձակումները շարունակվում են

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ երեքշաբթի օրը երկու քաղաքների ուղղությամբ կառավարական ուժերը հարձակում են իրականացրել, իսկ զորամիավորումների դուրսբերումը բնակելի տարածքներից չի սկսվել՝ չնայած երկրի կառավարությունը հաղորդել է ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի պայմանների համաձայն որոշ քաղաքներից զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման մասին:

Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ կառավարական ուժերը հրետանային կրակ են բացել Համա և Մարեհ քաղաքների ուղղությամբ, իսկ Հոմս քաղաքի որոշ մասերը ենթարկվել են նռնականետային կրակի:

Կազմակերպություն հայտնել է նաև, որ ընդդիմության զինյալները Թուրքիայի հետ սահմանից դեպի հյուսիս-արևմուտք գտnվող Մարքադա քաղաքում երկու հսկիչ կետերի ուղղությամբ իրականացված հարձակման արդյունքում ոչնչացրել են կառավարական ստորաբաժանումների վեց զինծառայող:

Մոսկվայում գտնվող Սիրիայի արտաքին գործերի նախագահ Վալիդ ալ-Մոալեմի համաձայն, Դամասկոսը մեկնարկել է երկրում բռնությունների դադարեցման նպատակ հետապնդող ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի իրականացումը: Արտգործնախարար Մոալեմը սակայն նոր պայման է առաջ քաշել՝ այս անգամ պահանջելով, որ զինադադարը համընկնի միջազգային դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի հետ:

Մոալեմի գործընկեր, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, թե Սիրիայի կառավարությունը «խաղաղության ծրագիրն իրականացնելիս ունի առավել վճռորոշ քայլեր ձեռնարկելու հնարավորություն»՝ միաժամանակ բռնություններին վերջ տալու կոչ անելով ընդդիմադիր ուժերին:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանն այսօր ժամանել է Թուրքիա և ուղևորվել Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ: Անանն այցելելու է փախստականների այն ճամբարները, որտեղ երկուշաբթի օրը Սիրիայի տարածքից բացված կրակի պատճառով վնասվածքներ է ստացել վեց մարդ, ներառյալ Թուրքիայի երկու քաղաքացու:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը մեղադրել է Սիրային պետական սահմանը խախտելու մեջ՝ հավելելով, որ իր երկիրը ծանրութեթև է անում պատասխան գործողությունները՝ ներառյալ այնպիսի միջոցներ, «որոնց մասին նույնիսկ չենք ցանկանում մտածել»: Էրդողանը սակայն չի մանրամասնել իր կողմից արված հայտարարությունը: