Գիտնականներն ասում են, որ ցուղունային բջիջների հետազոտությունները թույլ կտան շաքարախտի առաջին տիպի բուժում գտնել

Նախագահ Օբամայի ընդունած որոշման համաձայն` մարդու սաղմի ցողունային բջիջների կիրառմամբ հետազոտությունների համար դաշնային ֆինանսավորման սահմանափակումներ այլևս չկան: Նման հետազոտությունները կարող են ճանապարհ հարթել որոշ հիվանդությունների բուժման համար:

Տեխասի համալսարանի Բժշկական մասնաճյուղից գիտնականներ Ռենդալ Ուրբանը և Լերի Դեները փորձում են իրենց հետազոտությունների շնորհիվ ցողունային բջիջներից ինսուլին ստանալ:

Շաքարախտի առաջին տիպով տառապող հիվանդները մեծ ակնկալիքներ ունեն նման հետազոտություններից: Նրանցից մեկը` Փամելա Ֆելփսն ասում է, որ 15 տարեկանից ի վեր աղոթում է, որ այս հիվանդության բուժում կամ առնվազն առօրյա խնամքի առավել կատարելագործված տարբերակներ գտնեն:

Փամելա Ֆելփսի նման հիվանդների միակ փրկությունն ինսուլինի պարբերաբար ներարկումն է: Շաքարախտով տառապող հիվանդների ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին` հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Ահա այս բացն էլ փորձում են լրացնել Տեխասի համալսարանի գիտնականները: "Մենք կարող ենք տեսնել` արդյոք մեր աճեցրած բջիջները կարող են ինսուլին արտադրել, թե` ոչ: Մանրադիտակի և հատուկ հակամարմինների միջոցով մենք կարող ենք հստակ հասկանալ, թե որդյոք այս բջիջներն ինսուլին են արտադրում”, նշել է Լերի Դեները:

Նրա գլխավորած գիտնականների խմբին հաջողվել է լաբորատոր պայմաններում պորտալարի արյան ցողունային բջիջներից ստանալ ինսուլին արտադրող բջիջներ:

"Մենք գործ ունենք պորտալարից վերցված բջիջների հետ, իսկ պորտալարը յուրաքանչյուր ծննդի անբաժան մասն է, որը սովորաբար դեն է նետվում որպես բժշկական թափոն”, պարզաբանել է նա:

Լերի Դեների խոսքերով`չնայած այն հանգամանքին, որ Բուշի վարչակազմի սահմանած` մարդու սաղմի ցողունային բջիջների հետազոտությունների սահմանափակումներն այլև չեն գործում, նա իր հետազոտություններում կշարունակի օգտագործել բացառապես թարմ պորտալարերից վերցված ցողունային բջիջները:

Նա պարզաբանել է, որ այդ ցողունային բջիջները կարելի է դասակարգել` ըստ բջիջների տեսակների, և քանի որ այդ բջիջների իմունային գործառույթները լիովին զարգացած չեն, դրանք չեն կարող մերժվել օրգանիզմի կողմից:

Միևնույն ժամանակ Դեները նշել է, որ մարդու սաղմի ցողունային բջիջների կիրառմամբ հետազոտությունների սահմանափակման վերացումը նաև կնպաստի իր հետազոտություններին, քանի որ պարզ կդառնա, թե ինչպես ցողունային բջիջները կարող են օրգանային բջիջների վերածվել:

Դեների կանխատեսումներով` հեռու ապագայում պորտալարի արյունից վերցրած ցողունային բջիջներից կարող է հնարավոր լինել ամբողջական ենթաստամոքսային գեղձի ստեղծումը: Սակայն այժմ նրա ուշադրության կենտրոնում են մարդկանց շրջանում փորձարկումները, որոնք կօգնեն հասկանալ` արդյոք լաբորատոր պայմաններում ստեղծված ինսուլին արտադրող բջիջները կարող են օգնել շաքարախտով տառապող հիվանդներին: