Գազայից դուրս գտնվող պաղեստինցիներն անհանգստանում են Գազայի հատվածում ապրող իրենց բարեկամների կյանքի համար

Մինչ Գազայի հատվածում շարունակվում են ռազմական գործողությունները, այնտեղ բարեկամներ ունեցող պաղեստինցիները մեծ անհանգստությամբ եմ հետևում իրադարձությունների զարգացմանը: Առավել ծանր է նրանց դրությունը, ովքեր տեղեկություններ չունեն Գազայում ապրող իրենց հարազատների մասին: Նման իրավիճակում է Իսրայելի կողմից գրավված Արևմտյան ափում` Ռամալլահում, ապրող Իբրահիմ Սայիդ Դհաբուրի ընտանիքը:

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններն սկսելու պահից ի վեր Իբրահիմ Սայիդ Դհաբուրը հեռուստացույցը չի անջատել: Գազայում ապրող բազմազավակ ընտանիքի 11 երեխաներից նա միակն է, որ լքել է Գազան, և այժմ նրան միայն իր ընտանիքի անվտանգությունն է մտահոգում:

"Կարծես, Իսրայելի բանակը պատերազմ հայտարարած լինի կանանց, երեխաների և ծերերի դեմ: Քնել չեմ կարողանում, ամբողջ գիշեր հեռուստացույցով հետևում եմ, թե ինչ է կատարվում Գազայում: Հոգով Գազայում եմ”, Ամերիկայի Ձայնի թղթակցի հետ զրույցում նշել է նա:

Իբրահիմը Գազայից մեկնել է ինը տարի առաջ` որպես վարորդ աշխատանքի անցնելով Ֆաթհի հայտնի քաղաքական գործիչ և Յասիր Արաֆատի նախկին խորհրդական Ահմադ Աբու Ղարբիայի մոտ: Իբրահիմի կինը` Սուադ Օվեյդահը Արևմտյան ափի Հեբրոն քաղաքից է: Նրանք իրենց երկու երեխաների հետ միասին ապրում են Երուսաղեմից հյուսիս ընկած Ռամալլահ քաղաքում:

Իբրահիմը Գազա այդպես էլ չի վերադարձել, նա նույնիսկ ներկա չի գտնվել հոր հուղարկավորության ժամանակ: Նա ասում է, որ վերադառնալու դեպքում Իսրայելն իրեն թույլ չի տա հետ գալ, քանի որ Գազայի անձնագիր ունի: Ընտանիքի հետ կապ պահպանելու միակ միջոցը հեռախոսն է, և հակամարտության առաջին օրվանից նրան հաջողվել է ամեն օր խոսել մոր հետ:

"Երբեմն նրանք առաջին իսկ զանգին պատասխանում են, բայց հաճախ երեք-չորս ժամ անընդմեջ զանգելուց հետո եմ կարողանում կապ հաստատել: Նրանք ասում են, որ իրենց շենքը ռմբակոծվել է ցամաքից և ծովից, և որ նրանց աչքի առաջ մարդիկ են սպանվել, և որ փողոցներում դիակներ կան”, պատմել է Իբրահիմը:

Ամերիկայի Ձայնի թղթակցի ներկայությամբ մոր հետ հեռախոսազրույց ունենալուց հետո Իբրահիմը փոխանցել է մոր պատմածը. իսրայելցիներն այնպիսի ռումբեր են կիրառում, որոնք մինչև գետնին հասնելն օդում պայթում են և շրջակայքում ամեն ինչ այրում:

Նրա մայրը հերթով նշել է հարևանությամբ ապրող այն մարդկանց անունները, ովքեր սպանվել են, այդ թվում` կողքի տանն ապրող մի կին իր երեխայի հետ: Նա նաև մտավախություն է հայտնել, որ իրենց շենքը կարող է ամեն պահի փլուզվել:

Իբրահիմի կնոջ` Սուադի հետ խոսելով` մայրը լաց լինելով խնդրել է հոգ տանել ամուսնու և երեխաների համար և չանհանգստանալ իրենց համար` ասելով, որ ամեն վայկյան նրանք մահվան են սպասում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կցանկանար Գազա վերադառնալ, Իբրահիմն ասել է, որ կվերադառնար, եթե այդիպիսի հնարավորություն լիներ: "Նման հանգամանքներում յուրաքանչյուր ոք կգերադասեր ընտանիքի կողքին լինել և կիսել հարազատների ճակատագիրը, նույնիսկ եթե մահ է սպասվում”, մասնավորապես ասել է նա: