Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելուց հետո Թեհրանի փողոցներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:
Բողոքի ակցիաներն սկսվել են Իրանի ներքին գործերի նախարարի այն հայտարարությունից հետո, որ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվել է` ստանալով ձայների 62.6 տոկոսը: Հայտարարված արդյունքների համաձայն` Իրանի նախագահն ստացել է հակառակորդ թեկնածուին` Միր Հոսեյն Մուսավիին, տրված ձայների /33.75 տոկոս/ կրկնակին:
Իր ուղերձում պարոն Ահմադինեջադը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները մեծ հաղթանակի նշան են, և որ ընտրական գործընթացը լիարժեքորեն ազատ է եղել”:
Մինչդեռ պարոն Մուսավին նշել է, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ են տեղի ունեցել: Նրա հազարավոր աջակիցներ երթեր են կազմակերպել Թեհրանի փողոցներով` ցույց տալու իրենց անհամաձայնությունն արդյունքների շուրջ: Ցուցարարներից ոմանք քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս մահակներով ծեծի են ենթարկվել ցուցարարներին:
Իրանի մայրաքաղաքում անջատված է բջջային հեռախոսակապը: Շրջանառվող լուրերի համաձայն` սահմանափակված է նաև ինտերնետային կայքերի` օրինակ Facebook ցանցային կայքի մուտքը:
Ընտրության արդյունքներն անսպասելի էին բազմաթիվ փորձագետների համար, ովքեր կանխատեսել էին, որ նախագահն ու պարոն Մուսավին մոտ թվով քվեներ պետք է ստանան:
Իրանի գերագույն առաջնորդը` Այաթոլլահ Ալի Խամանեյը ողջունել է ընտրության արդյունքները: Ընտրության մասնակիցների բարձր տոկոսը` առավել քան 80 տոկոս, և պարոն Ահմադինեջադին տրված 24 միլիոն ձայնը նա որպես “իրական տոն” է որակել: