Համաշխարհային Բանկի նոր նախագահը - 2005-04-01

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցը Համաշխարհային Բանկի տնօրենների խորհրդի կողմից միաձայնորեն հաստատվել է հաստատության նախագահի պաշտոնում։

Մարտի 31-ին Համաշխարհային Բանկի տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հաստատեց նախագահ Բուշի կողմից հաստատության նախագահի պաշտոնում առաջադրված Փոլ Վուլֆովիցի թեկնածությունը։ Հունիսի 1-ին պարոն Վուլֆովիցը կփոխարինի վերջին տասը տարում Համաշխարհային Բանկի նախագահ ծառայած Ջեյմս Վուլֆենսոնին։

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը քաջ հայտնի է իրաքյան պատերազմում իր ունեցած կարեւորագույն դերի համար։ Սակայն Համաշխարհային Բանկի նոր ղեկավարը նաեւ եղել է գիտական աշխարհի եւ ԱՄՆ-ի կառավարության այլ բարձրաստիճան պաշտոններում։

Նախագահ Բուշն ասել է. "Նա հմուտ դիվանագետ է, ԱՄՆ-ի արտգործնախարարությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, Ինդոնեզիայում Միացյալ Նահանգների դեսպան ծառայած ժամանակ լավագույնս ներկայացրել է մեր երկիրը"։

Սակայն պարոն Վուլֆովիցը վիճահարույց անձնավորություն է։ Եվրոպացիները մտահոգված էին իրաքյան պատերազմում նրա ունեցած դերի առնչությամբ։ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը վերջերս այդ մասին իր մտահոգությունը հայտնեց նախագահ Բուշին։

Պարոն Շրյոդերը նշել է. "Նրան հայտնեցի, որ չնայած այդ նշանակման շուրջ խանդավառությունը Եվրոպայում թերեւս սահմանափակ է, Գերմանիան իրեն կպահի չափազանց կառուցողական եւ դեմ չի քվեարկի պարոն Վուլֆովիցի նշանակմանը"։

Այլ քննադատներ գտնում են, թե պարոն Վուլֆովիցը համապատասխան փորձառություն չունի տնտեսական զարգացման բնագավառում։ Սակայն ոչ մի երկիր դեմ չեղավ այդ պաշտոնում նրա թեկնածության առաջադրմանը։

Ավանդաբար, Համաշխարհային Բանկի նախագահի թեկնածությունն առաջադրվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից, մինչդեռ եվրոպական երկրներն ընտրում են Արժութային միջազգային հիմնադրամի ղեկավարին։ Սակայն պարոն Վուլֆովիցն ասել է, թե Համաշխարհային Բանկի նախագահի պաշտոնում չի հետեւի զուտ ամերիկյան օրակարգի։

Պարոն Վուլֆովիցը հայտնել է. "Խորապես բարձր եմ գնահատում Համաշխարհային Բանկի աշխատանքը։ Մարդկանց աղքատությունից դուրս գալու գործին սատարելն իրապես վեհ առաքելություն է եւ ոչինչ այնքան գոհացնող չէ, որքան կարիքավոր մարդկանց օգնելու ի վիճակի լինելը"։

Մամուլին ուղղված իր հայտարարության մեջ պարոն Վուլֆովիցը նշել է, որ իր համար մեծ պատիվ է նման հաստատության նախագահի պաշտոնում ընտրվելը։