Ի՞նչ կարող եմ ինձ հետ բերել - 2003-08-01

Հինգ խորհուրդներ՝ Միացյալ Նահանգների մաքսային ծառայության կողմից.

Միացյալ Նահանգներ այցելելիս սահմանափակում չկա ձեզ հետ բերվող գումարի չափի վրա։ Այնուամենայնիվ, եթե ճամփորդելիս ձեզ հետ ունեք $ 10,000 դոլարից ավելի՝ կանխիկ դրամի, ճամփորդական չեկերի կամ դրամական այլ միջոցների տեսքով, ապա դրա մասին հայտարարագիր պետք է ներկայացնեք մաքսային ծառայության աշխատակցին։ Դրանից խուսափելը կարող է հանգեցնել ձեր գումարի բռնագրավմանը։ Եթե երկու կամ երեք անձ համատեղ հայտարարագիր են ներկայացնում, ապա պետք է հայտարարագրեն իրենց բոլորի ընդհանուր գումարի չափը։ Վարկային քարտերը հայտարարագրելու անհրաժեշտություն չկա։

Միացյալ Նահանգներ յուրաքանչյուր այցելու կարող է առանց մաքս վճարելու իր հետ բերել $100 դոլարի արժեքը չգերազանցող նվերներ։ Միացյալ Նահանգներ բերվող $100 դոլարից բարձր եւ մինչեւ $1000 դոլար արժողության նվերների վրա ավելացվում է 3% մաքսավճար։

Ճամփորդողները պետք է տեղյակ լինեն, որ մաքսից ազատված խանութներից, օդանավերից կամ ճամփորդական նավերից գնված ապրանքները Միացյալ Նահանգներ բերելիս, թերեւս դրանց վրա ավելացվի մաքսավճար։ Ընդհանուր առմամբ, մաքս կավելացվի 1 լիտրից ավելի ոգելից խմիչքների վրա եւ/կամ 200 հատիկ ծխախոտի վրա եւ/կամ 100 սիգարների վրա։ Կարիբյան ավազանի երկրներից կամ Միացյալ Նահանգներին պատկանող տարածքներից գնված ոգելից խմիչքների եւ ծխախոտի ապրանքների ավելի մեծ քանակների վրա մաքսավճար չի ավելացվում։

Սննդամթերքի ցանկացած տեսակ պետք է հայտարարագրվի։ Չնայած սննդամթերքի բազմաթիվ տեսակներ կարելի է բերել Միացյալ Նահանգներ, սակայն էական է, որ դրանք քննության ենթարկվեն՝ համոզվելու համար, որ իրենց մեջ չեն պարունակում միջատներ կամ հիվանդաբեր մանրէներ։ Սննդամթերքի ցանկացած տեսակ չհայտարարագրելը ավտոմատ կերպով կարող է հանգեցնել դրանց բռնագրավմանը, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կթույլատրվեր մտցնել Միացյալ Նահանգներ նախապես հայտարարագրելու դեպքում։

Կուբայի արտադրության սիգարները եւ կուբայական ծագման այլ ապրանքներ չեն կարող մտցվել Միացյալ Նահանգներ, ո՛չ ձեր անձնական օգտագործման նկատառումներով, ո՛չ էլ որպես նվերներ։ Խնդրում ենք դրանք թողնել տանը, խուսափելու համար նման ապրանքներըը բռնագրավելու հիասթափությունից։