ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-05-26

Արեւմուտքցի դիտորդները տեղեկացնում են, թե երեկ կայացած հայաստանյան խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները դեռեւս չեն բավարարում միջազգային ընտրական չափանիշները։ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավորած դիտորդական առաքելությունները տեղեկացնում են, որ ընտրություններին մասնակցել են քիչ թվով քվեատուներ, որն ակնհայտ նշան է այն իրողության, որ քվեատուները չեն վստահում Հայաստանի քաղաքական հաստատություններին։ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ ընտրական արդյունքների զեղծումը, դիտորդների աշխատանքի խոչընդոտումը եւ զինվորականների քվեարկության ժամանակ փակ քվեարկության կարգի ոտնահարումները առկա խոշոր թերացումներից են։ Դիտորդները նաեւ դատապարտել են կիրակի երեկոյան ընտրատեղամասերից մեկում կատարված հրազենային միջադեպը, որի հետեւանքով սպանվել է մեկ անձնավորություն եւ վիրավորվել են չորս ուրիշներ, այդ թվում՝ ընտրական տեղամասի հանձնախմբի նախագահը։ Դիտորդական մի առաքելություն ներկա է գտնվել երկրի հարավում գտնվող Արարատի մարզի ընտրությանը, երբ տեղի է ունեցած այդ հրաձգությունը։ Դեռեւս հստակ չէ, թե արդյո՞ք սույն հարձակումն առնչված էր ընտրության հետ։ Այդուհանդերձ, դիտորդական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները փոքր ինչ բարելավված էին մարտ ամսին կայացած նախագահական խարդախված ընտրությունների համեմատությամբ։ Ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքը ցույց է տալիս, որ քվեաթերթիկների մեկ քառորդի հաշվարկից հետո նախագահ Քոչարյանին սատարող կուսակցություներն առաջատար են։ Քվեատուներին խնդրված է եղել նաեւ մասնակցել Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կայացված հանրաքվեին, որի մասին դեռեւս չկան վերջնական տվյալներ։ [OSCE&CE PRESSERS, AFP, INTERFAX]