Ադրբեջանական նավթից ստացվող շահը՝ հօգուտ Ղարաբաղի՞

<!-- IMAGE -->

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին հայտարարել է, թե ՝՝ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ կնքած նավթային գործարքներից ստացված եկամուտների մի մասն օգտագործում է Ղարաբաղի անջատողականներին աջակցելու համար՛՛։


Նա քննադատել է Թուրքիային ու Հայաստանին հաշտեցնելու ամերիկյան ջանքերը եւ այն կարծիքը հայտնել, որ նավթային գործարքներում հարկավոր է նվազեցնել ԱՄՆ-ի բաժինը։ ՝՝Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի գործունեությունն Ադրբեջանում պիտի նվազի՛՛, ասել է նա։

APA լրատվական գործակալությունը մեջբերում է նաեւ կառավարող Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի խոսքերն այն մասին, թե ՝՝ժամանակն է, որ փոխվեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնող երկրները։ Քանի որ Մինսկի խմբի երկրներին մինչ այժմ չի հաջողվել բավարար կերպով պաշտպանել բռնազավթման ենթարկված Ադրբեջանի շահերը, հարկավոր է փոխել համանախագահ երկրների կազմը՛՛, ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը մի քանի օր առաջ հանդես էր եկել նմանօրինակ հայտարարությամբ ու կասկածի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում Միացյալ Նահանգների մասնակցության չեզոքությունը։