Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կրկին խոսում են

Հյուսիսատլանտյան դաշինքի նորանշանակ ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ անհրաժեշտ է սերտացնել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Համագործակցության հնարավոր հարցերից, Ռասմուսենը մատնանշել է անվտանգության մի շարք խնդիրներ, այդ թվում ահաբեկչության և թմրանյութերի տարածման ոլորտներում պայքարելու տեսանկյունից շահերի մոտ լինելու հանգամանքը:

Այս մասին օգոստոսի 11-ին ասել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Կարմեն Ռոմեոն, կառույցի նորանշանակ ղեկավարի և դաշինքում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռագոզինի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:

Նա մասնավորապես նշել է, որ չնայած որոշ հակասությունների առկայությանը, հանդիպումն անցել է ջերմ և համագործակցային մթնոլորտում:

Հիշեցնենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սառեցվել էին 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Այդ ժամանակ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի իշխանությունների միջև:

Ի դեպ այս տարվա հուլիսին կողմերի միջև հարաբերությունները վերականգնելուն ուղղված ջանքերի արդյունքում, Ռուսաստանը կրկին թույլատրել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից այդ երկրի օդային տարածքով Աֆղանստանում մղվով պատերազմին մասնակցությունը: