Նախագահական ընտրապայքարի թեժ փուլ Իրանում

Հունիսի 12ին Իրանում տեղի ունենալիք ընտրություններից մի քանի օր առաջ տասնյակ հազարավոր իրանցիներ հանրահավաքներով իրենց աջակցությունն են ցույց տվել նախագահ Մահմուդ Ահմադինեջադին եւ նրա մրցակից Միր Հոսեյն Մուսավիին ։

Իրանի հեռուստատեսությամբ ցուցադրվել է ընտրարշավային բանավեճ ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ նախագահական թեկնածու Մոհսեն Ռեզայի միջեւ։ Իրանի նախագահը պաշտպանել է իր քաղաքականությունը միջազգային եւ ներքին հարցերում, իսկ նրա մրցակիցը միանալով մյուս թեկնածուներին, քննադատել է Ահմադինեջադին.
՛՛Եթե Ահմադինեջադը դարձյալ նախագահ ընտրվի եւ մեր երկրի անվտանգությունը ղեկավարի նույն ձեւով, ապա այս երկրում մենք կկանգնենք անուղղելի վտանգի առջեւ՝՝, ասել է նա։

Ահմեդինեջադի աջակիցներին դուր են գալիս նրա կրակոտ ելույթները, հատկապես հրեաների ողջակիզման թեմայի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Հանրահավաքների ընթացքում թե՛ Ահմադինեջադի եւ թե՛ նրա գլխավոր մրցակից Միր Հոսեյն Մուսավիի աջակիցները Թեհրանի փողոցներն են դուրս եկել իրենց թեկնածուի ընտրության օգտին։ Ահմադինեջադին աջակցող տասնյակ հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի ամենամեծ մզկիթներից մեկում։ Կառավարության խոսնակ Ղոլամ Հոսեյն Էլհան ասել է, թե Ահմեդինեջադին չի հաջողվել ելույթ ունենալ ամբոխի հսկայական մեծության պատճառով, սակայն նա հայտարարել է, թե ՛՛Ահմադինեջադը, երբեք չի նահանջում սպառնալիքների եւ վիրավորանքների ճնշման տակ՝՝.

՛՛Ես կքվեարկեմ Ահմեդինեջադի օգտին որովհետեւ նա միակն է, ով երբեք չի ստորագրի այնպիսի փաստաթղթեր, որոնք սպառնում են Իրանի ազգային շահերին եւ նա ապացուցել է դա անցյալ չորս տարիներին՝՝, ասել է հանրահավաքին մասնակցող աջակիցներից մեկը։


Իսկ նախկին վարչապետ Մուսավիի աջակիցներից կազմված մարդկանց երկար շղթան ձգվել է Թեհրանի ամբողջ տարածքի երկայնքով։ Մուսավիի աջակիցները, ներառյալ բազմաթիվ երիտասարդ ընտրողներ, կարծում են, որ Իրանի միջազգային դիրքը թուլանում է եւ երկիրը կարիքն ունի առավել ճկուն մոտեցումների կարեւոր խնդիրների նկատմամբ։ Մուսավին ելույթ է ունեցել քաղաքի հարավային մասում հավաքված ամբոխի առջեւ.

՝Ժողովրդի համար աշխատելու փոխարեն, սղաճը վերահսկելու եւ թմրամոլությունը արմատախիլ անելու փոխարեն, Ահմեդինեջադը զբաղվում է մարդկանց դեմ կեղծ փաստաթղթեր հավաքելով՝՝, ասել է Մուսավին։

Քաղաքական թեժ բանավեճերը եւ փոխադարձ ամբաստանությունների ու վիրավորանքների նոր ալիքը վկայում է Իրանի քաղաքական խորը բաժանումների մասին։

Հանրային կարծիքի հավաստի հաշվառումներ դեռեւս չկան, սակայն բարեփոխամետ թեկնածուները, ովքեր խոստանում են Իրանում թուլացնել սոցիալական եւ քաղաքական սահմանափակումները եւ բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ, թվում է, թե առավելություն են ձեռք բերում, մինչ Ահմեդինեջադի հեղինակությունը աստիճանաբար նվազում է Իրանի տնտեսական խնդիրների պատճառով։