Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում երեքշաբթի օրը հաղթեց դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման։
Նա պատմության մեջ կմտնի որպես այս երկրի սեւամորթ առաջին նախագահը։ Օբամայի օգտին քվեարկեցին նաեւ Վիրջինիայի նման նահանգներ, որոնք անցած 44 տարիների ընթացքում երբեք ձայն չէին տվել դեմոկրատ որեւէ թեկնածուի։


Օբաման, որը երկրի ղեկը ստանձնում է արտաքին ու ներքին լուրջ մի շարք խնդիրների պայմաններում, կանգնելու է այդ խնդիրները լուծելու խոստումներն իրականացնելու պարտավորության առջեւ։ Այդ խնդիրներն են անկում ապրող տնտեսությունը, երկու պատերազմները, բժշական ապահովագրական համակարգը։


Իր պարտությունն ընդունելով՝ հանրապետական Ջոն Մաքքեյնը խոստացավ հնարավոր ամեն ինչ անել երկրի առջեւ կանգնած խնդիրները լուծելու գործում իր նախկին մրցակցին օգնելու համար։ Բուշը խոստանում է իրականացնել իշխանության սահուն անցում եւ Օբամային ու նրա տիկնոջը մոտ օրերս հրավիրում այցի Սպիտակ տուն։

Օբաման, որպես ԱՄՆ-ի նախագահ, եւ Ջո Բայդընը, որպես երկրի փոխնախագահ, Սպիտակ տուն կմտնեն 2ՕՕ9 թվականի հունվարի 2Օ-ին, այստեղ անցկացվելիք պաշտոնամուտի արարողությունից հետո։