ՆԱՏՕ-ի գագաթաժողով. Ընդարձակման ծրագրեր եւ տարաձայնություններ

Բուխարեստում ապրիլի 2-ից 4-ը անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հաջողությունը կախված է այն բանից, թե ինչպես այն կիրականացնի ռազմական այս դաշինքն ընդլայնելու, Եւրատլանտյան համագործակցությունն ամրապնդելու եւ Կոսովոյի հարցը կարգավորելու իր ծրագրերը։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հույս ունի, որ Ալբանիայի, Խորվաթիայի եւ Մակեդոնիայի անդամակցումով ավելի կամրապնդվեն դաշինքի հարավային սահմանները՝ նպաստելով բալկանյան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Օրակարգում դրված է նաեւ Աֆղանստանում միասնական մոտեցումներ որդեգրելու հարցը։

Գագաթաժողովին անհամբերությամբ են սպասում գունավոր երկու հեղափոխությունների հեղինակ երկրները՝ Վրաստանն ու Ուկրաինան, որոնց ներկայացվելու է Անդամակցության գործառույթի ծրագիրը։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մի քանի օր առաջ իր վրացի պաշտոնակցին Վաշինգտոնում հավաստիացրեց, որ Թբիլիսիի առջեւ այս ճանապարհի վրա չկան խնդիրներ։

Խնդիրները սակայն Ռուսաստանի հետ են, որը չի ընդունում Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու կարեւորությունը։ Սակայն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները սրվել են հատկապես Կոսովոյի անկախության հռչակման շուրջ առկա տարաձայնությունների արդյունքում, չնայած ԱՄՆ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Քոնդոլիզա Ռայսը ու Ռոբերտ Գեյցը Բուշին տեղեկացրել են Ռուսաստան կատարած իրենց այցի ՝՝կառուցողական լինելու՛՛ մասին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, չնայած այս երկիրը հայտարարում է, թե գնահատում է ՆԱՏՕ-ն ու այս դաշինքի հետ իր համագործակցությունը, այն դեռեւս չունի դաշինքին միանալու ծրագրեր։ Կարծիք կա, որ Իրանի ու Ռուսաստնի հետ չհակադրվելու ցանկությամբ, Բաքուն մերժում է միանալու կապակցությամբ քայլեր իրականացնելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հորդորները։ Մյուս կողմից, չնայած պաշտպանության բնագավառի ծախսումները 1 միլիարդ 2 հարյուր միլիոն դոլարի հասցնելու փաստին, այս երկրի զինված ուժերը շատ հեռու են ՆԱՏՕ-ի չափանիշներից։

Ինչ կտա ՆԱՏՕ-ի հերթական այս գագաթաժողովը, հարց են տալիս շատերը, համագործակցության խորացո՞ւմ, Հյուսիսատլանտյան դաշինքի տարածո՞ւմ, թ՞ե հակասությունների խորացում, ինչպես արդեն պատահել է Սերբիայի հետ հարաբերություններում։ Երբ 2ՕՕՕ թվականին սերբերը տապալեցին Միլոշեւիչին ու ընտրեցին Վոյիսլավ Կոշտունիցային, վերջինս Արեւմուտքում համարվում էր բարեփոխական։ Այսօր նա դարձել է Արեւմուտքի սուր քննադատ, ասելով, թե այսօր է պարզ դառնում 1999 թվականին ՝՝Սերբիան կործանիչ հարձակման ենթարկելու ՆԱՏՕ-ի նպատակը, այն է՝ Կոսովոյի միջոցով ՆԱՏՕ-ի սահմաններն ընդարձակելու ծրագիրը՛՛։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովն այն օգտագործելու է Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի նախագահի պաշտոնը շուտով ստանձնող Սարգսյանի միջեւ հանդիպում անցկացնելու համար։