Հայաստանի իշխանությունները խռովություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալել են 3Օ հոգու

Հայաստանի իշխանություններն ասում են, որ ընդդիմության 3Օ աջակիցներ ձերբակալվել են հակակառավարական ցույցերից հետո, որոնց հետեւանքով զոհվել են ութ անձինք։ Դատախազները Երեւանում ասել են, որ կասկածյալները դիմակայում են ոստիկանության դեմ խռովություններ եւ բռնարարքներ հրահրելու մեղադրանքներ։ Ոստիկանությունը արդեն իսկ ձերբակալել է ընդդիմության հայտնի դեմքերին հեղաշրջում կազմակերպելու եւ զինամթերք կուտակելու մեղադրանքներով։


Ցուցարարները կառավարությանը մեղադրում են ընտրության արդյունքները կեղծելու մեջ, վստահ լինելու համար որ վարչապետ Սերժ Սարգսյանը պարտության կմատնի ընդդիմադիր մրցակիցներին։ Պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը շահել է քվեների 53 տոկոսը, մինչ նրա հակառակորդը հավաքել է քվեների մոտ 22 տոկոսը։

Միաժամանակ Եվրոպայի բարձրաստիճան բանագնացը կառավարությանը հորդորել է վերացնել 2Օ-օրյա արտակարգ դրությունը։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից Հեկի Թալվիտին ուղարկվել է Երեւան ճգնաժամը մեղմելու ջանքերին օգնելու առաքելությամբ։ Միացյալ Նահանգները նույնպես բանագնաց է ուղարկել Հայաստան։

Հեկի Թալվիտին ասել է, թե Հայաստանը քաղաքական երկխոսության միջոցով պետք է առաջընթաց որոնի։ Նա նաեւ հորդորել է Հայաստանի կառավարությանը մանրամասնորեն հետաքննել շաբաթ օրվա խռովություններին հանգեցնող դեպքերը։

Վատիկանի պետական քարտուղար Թարսիսիո Բերտոնին ուղեւորվել է Երեւան, կիրակի օրվա խռովությունների հետեւանքով իր ճանապարհորդությունը մի քանի օրով հետաձգելուց հետո։ Երկօրյա այցելության ընթացքում նա ծրագրում է հանդիպել նախագահ Քոչարյանի եւ այլ պաշտոնատարների հետ։ Նա Ադրբեջան էր մեկնել հինգշաբթի օրը։