Բիրմայի ռազմական ղեկավարությունը ցույց չի տալիս միջազգային ճնշումներին ենթարկվելու որեւէ նշան

Բուդդա վանականների կողմից ժողովրդավարական կոչերով սկսված շարժումը բռնությամբ ճնշելու փաստը վերլուծաբանների կարծիքով, այդ երկրի ռազմական ղեկավարության թուլության նշան է:

«Վանականներն այս երկրի հոգեւոր առաջնորդներն են, ու նրանց աջակցությունը կորցնելով, վարչակարգը հայտնվում է ավելի անկայուն իրավիճակում եւ տարածում վախի մթնոլորտ», ասում է Բրիջիթ Ուելշը Ջոնս Հոփքինզի անվան համալսարանից։

Ըստ տեղից ստացվող լուրերի, այժմ ձերբակալված են հազարավոր ցուցարարներ:

«Կոչ ենք անում միջազգային համայնքին կենտրոնանալ այս խնդրի վրա, քանի որ այս երկրում ձերբակալվածների նկատմամբ կիրառում են ամեն մի տանջամիջոց», ասում է Քեթրին Բեյբըրը

«Միջազգային ներում» կազմակերպությունից։

Բիրմայում ռազմական վարչակարգը գործում է 1962 թվականից ի վեր ու մինչ այժմ անտեսել է մարդու իրավունքները ոտնահարելու մեղադրանքով միջազգային բոլոր պատժամիջոցները: Միջազգային համայնքի վերաբերմունքն արհամարհելու ոգով էր լցված նաեւ այս երկրի արտգործնախարարի ճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

ԱՄՆ-ը փորձում է ստիպել, որ Բիրմայի ռազմական ղեկավարությունը բաց երկխոսություն սկսի երկրի ընդդիմության հետ:

«Սակայն ավելի լավ կլիներ, որ իրենց ազդեցությունը կիրառեին այդ երկրի հետ սերտ հարաբերություններ ունեցող հարեւան պետությունները» ասում է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թոմ Քեյսին:

Պրոֆեսոր Բրիջիթ Ուելշը կարծում է, որ Պեկինը գործում է ոչ հրապարակային եղանակով.

«Չինաստանը աստիճանաբար ճնշումներ է բանեցնում ու կարծում եմ, նաեւ հանդես է գալիս երկխոսության կոչով»:

Իրավապաշտպան խմբերը կոչ են անում բոյկոտել եկող տարի Չինաստանի Օլիմպիական խաղերը, եթե Պեկինը ճնշումներ չկիրառի ընդդեմ Բիրմայի: